Բաժիններ՝

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն այցելեց Գեղարքունիքի մարզպետարան եւ Լիճքի միջնակարգ դպրոց

Պաշտոնական եւ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանում դեսպանին եւ պատվիրակության անդամներ Թորսթե եւ Անքե Վայս ամուսիններին ընդունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:Հանդիպման սկզբում դեսպանը տեղեկացրեց, որ Վայս ամուսինները Գեղարքունիքի մարզ են ժամանել հատուկ առաքելությամբ՝ Լիճքի միջնակարգ դպրոցին հանձնելու Գերմանիայի Թյուրինգիայի երկրամասի Զուհլ քաղաքի Մայր տաճարի արական երգչախմբի կողմից կազմակերպված բարեգործական համերգի արդյունքում հանգանակած գումարը:

Այնուհետ Մաթիաս Քիսլերը ցանկացավ մարզպետից հակիրճ տեղեկատվություն ստանալ Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացման ընթացքի եւ հեռանկարների մասին: Ողջունելով հյուրերին ու շնորհակալություն հայտնելով իրականացվող առաքելության առթիվ՝ մարզպետ Գնել Սանոսյանը ներկայացրեց մարզի զարգացման հիմնական ուղղությունները, կրթամշակութային եւ տնտեսական կապերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության առանձին կառույցների հետ, համագործակցության առկա հնարավորություններն ու հեռանկարները, գերմաներեն լեզվի ուսուցման դրվածքը մարզի կրթական հաստատություններում:

«Աշխատանքային հագեցած իրավիճակ է մեզ մոտ, քանի որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեր քաղաքացիների սպասելիքները շատացել են, իսկ մենք փորձում ենք հնարավորինս արագ կարգավորել տարիներ շարունակ կուտակված հիմնախնդիրները: Ինչ վերաբերում է ձեր երկրի հետ հաստատված հարաբերություններին, ապա պետք է ասեմ, որ մեր մարզն ունի բավականին ակտիվ համագործակցություն հատկապես կրթամշակութային ոլորտում: Դրա վառ վկայությունն այն է, որ մեր մարզի 39 հանրակրթական դպրոցներում մոտ 10 հազար աշակերտի համար որպես օտար լեզու ուսուցանվում է գերմաներենը:

Մեր աշակերտներն աչքի են ընկնում հանրապետական առարկայական օլիմպիադաներում, նույնիսկ ոմանք հետագա կրթությունը շարունակում են Գերմանիայում: Ես առավել ակնկալում եմ ձեր աջակցությունը բնապահպանական խնդիրներում, որպեսզի մենք ավելի շատ ծրագրեր կարողանանք համատեղ իրականացնել Սեւանա լճի ջրային ու կենդանական պաշարների պահպանության ու վերարտադրության, տուրիզմի ոլորտը զարգացնելու ուղղություններում: Ցանկալի է մեր համագործակցությունը խորացնել նաեւ կրթության ոլորտում, որտեղ գերմաներեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտություն ունենք: Ձեր կողմից Լիճքի դպրոցին ցուցաբերվող օժանդակությունը խթան կհանդիսանա, որպեսզի այդ հաստատությունում էլ ավելի բարձրանա գերմաներեն լեզվի ուսուցման մակարդակը: Ես շատ ուրախ եմ, որ վերջին շրջանում հայ-գերմանական հարաբերությունները զարգանում են պետական ամենաբարձր մակարդակներով ու դառնում ավելի բազմաշերտ ու դինամիկ»,-նշեց Գնել Սանոսյանը:

«Մեր հարաբերությունները, թեև զարգանում են 1991 թվականից, սակայն դրանք ավելի մեծ թափ են առել Հայաստանում կատարված հեղափոխությունից հետո: Մեր երկրի ղեկավարները հետամուտ են՝ հարաբերություններն ավելի խորացնելու եւ զարգացնելու համար: Գերմանական կողմի համար եւս մեծ նշանակություն ունի Սեւանա լճի ջրային ու կենդանական ռեսուրսների պահպանության խնդիրը, Գեղարքունիքի մարզի տնտեսության զարգացումը: Կարծում եմ ,որ Սեւանա լիճը զբոսաշրջային առումով դեռ չի դրսեւորել իր ամբողջական հնարավորությունները, իսկ Գեղարքունիքի 39 դպրոցներում գերմաներենի ուսուցման գործոնը մեր ընդհանուր կապիտալն է, որը մենք պետք է կարողանանք համատեղ իրացնել, ինչպես որ Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի եւ Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի համագործակցության պարագայում է: Փաստորեն, Հայաստանն ու Գերմանիան ոչ միայն պետական, այլ նաեւ առանձին կառույցների մակարդակով են համագործակցում, որի օրինակներից մեկն էլ Վայս ամուսինների կողմից իրականացվող այժմյան առաքելությունն է»,-նշեց Մաթիաս Քիսլերը:

Առաքելության ղեկավար Թորսթեն Վայսը նշեց, որ իրենց առաքելության ակունքները գալիս են 1988 թվականից, երբ Զուհլ քաղաքի երգչախումբը բարեգործական համերգից գոյացրած 12 հազար մարկը հատկացրեց Սպիտակի երկրաշարժից տուժածներին:

«Այն ժամանակ ես երգում էի մանկական երգչախմբում, ու մեր երգչախումբը 30 տարի անց, ի նշանավորում մեր առաջին առաքելության, որոշեց կազմակերպել երկրորդ առաքելությունը: Բարեգործական համերգից ու հանգանակություններից մենք գոյացրինք 5300 եվրո գումար, որը նվիրաբերում ենք Լիճքի միջնակարգ դպրոցին՝ հանդիսությունների սրահը նորոգելու նպատակով»,-հավաստեց Վայսը: Հանդիպման ավարտից հետո դեսպան Մաթիաս Քիսլերը, մարզպետ Գնել Սանոսյանը եւ Վայս ամուսիներն այցելեցին Լիճքի միջնակարգ դպրոց՝ տնօրինությանը հանձնելու բարեգործական համերգից գոյացած գումարը: Լիճքի միջնակարգ դպրոցում հյուրերին դիմավորեցին աղուհացով, ծափողջույններով ու խանդավառությամբ: «Լիճքի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հայտնում է իր երախտագիտությունը ԳԴՀ Զուհլ քաղաքի Մայր տաճարի երգչախմբին, անձամբ առաքելության ղեկավար պարոն Վայսին՝ մեր դպրոցը նման պատվի արժանացնելու համար:

Ուզում եմ հավաստիացնել, որ մենք ամենասեղմ ժամկետներում կիրականացնենք հանդիսությունների սրահի հիմնանորոգումը, այստեղ ավելի շատ միջոցառումներ կանցկացնենք՝ նվիրված գերմաներեն լեզվին ու մշակույթին:Մեր ուսուցիչները տարիներ շարունակ կարողացել են սեր արթնացնել գերմաներեն լեզվի նկատմամբ, ինչի արդյունքում էլ մեր շատ շրջանավարտներ որպես մասնագիտություն ընտրել են գերմաներենը, խորացել այդ ուղղությամբ: Այդ շրջանավարտներից մեկն էլ՝ Աշոտ Սմբատյանը, այսօր զբաղեցնում է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը: Օգտվելով առիթից՝ մենք խնդրում ենք պարոն դեսպանին՝ մեզ համար Գերմանիայում գտնել մեկ գործընկեր դպրոց, որպեսզի մենք կարողանանք անմիջական շփումների միջոցով ավելի բարձր հիմքերի վրա դնելու գերմաներենի ուսուցումը»,-նշեց Լիճքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալֆրեդ Սմբատյանը:

Առաքելության շուրջ Լիճքի միջնակարգ դպրոցի մանկավարժներին եւ աշակերտներին ողջունեցին դեսպան Մաթիաս Քիսլերը, մարզպետ Գնել Սանոսյանը եւ Թորսթեն Վայսը: Վերջինս լիճքեցիներին հայտնեց, որ դահլիճի նորոգումից հետո Զուհլի Մայր տաճարի երգչախումբն իր ողջ կազմով կհյուրընկալվի Լիճքում ու հանդես կգա համերգով:

Ելույթներից հետո ներկաներին ողջունեցին Լիճքի միջնակարգ դպրոցի երրորդ դասարանի աշակերտները՝ հայերեն եւ գերմաներեն լեզուներով ներկայացնելով երգեր ու արտասանություններ: Հանդիպման ավարտին դպրոցի տնօրեն Ալֆրեդ Սմբատյանը մանկավարժական կոլեկտիվի անունից հուշանվերներ հանձնեց դեսպան Մաթիաս Քիսլերին ու Վայս ամուսիններին:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս