Այս գրություններից ակնհայտ է դառնում, որ անցումային արդարադատության անհրաժեշտության քննարկումների առանցքը լինելու է խորհրդարանը. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ նախագահի եւ ՀՀ վարչապետի պատասխանների որակի տարբերությունը միեւնույն հարցի շուրջ

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզելու, թե արդյոք ՀՀ Ազգային ժողովը եւ Կառավարությունը որեւէ ձեւաչափով քննարկել կամ պատրաստվում են քննարկել եւ իմպլեմենտացնել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունները ՀՀ-ում» զեկույցը։

Զեկույցում առկա բազմաթիվ խնդիրներին եւ վտանգներին կանդրադառնանք հետագայում, սակայն այս պահին ցանկանում եմ արձանագրել, թե միեւնույն հարցմանը ինչպես են արձագանքում տարբեր պետական մարմինները։

Ի պատիվ Արարատ Միրզոյանի՝ պետք է նշել, որ սահմանված ժամկետների պահպանմամբ անձամբ Ազգային ժողովի նախագահի կողմից մեզ տրամադրվել է վերաբերելի, բոլոր հարցերը ընդգրկող պատասխան։

Նույնը չի կարելի ասել վարչապետի պատասխանի պարագայում։ Մեր գրությունը, թերեւս օրինաչափորեն, վերահասցեագրվել էր ՀՀ արդարադատության նախարարություն, սակայն նախարարության պատասխանը մեղմ ասած մտահոգիչ էր, երբ հարցմանը ներկայացվել է ոչ ամբողջական, թերի, սահմանված բոլոր ժամկետների խախտմամբ, ոչ վերաբերելի պաշտոնյայի մակարդակով ներկայացված պատասխան։ Մի քանի օր առաջ կատարած իմ կանխատեսումը, կարծես թե արդեն նյութականանում է, բացասական փոփոխությունների շունչը արդեն իսկ զգացվում է նախարարությունում։

Հ.Գ. Այս գրություններից ակնհայտ է դառնում, որ անցումային արդարադատության անհրաժեշտության քննարկումների առանցքը լինելու է խորհրդարանը։ Հուսով եմ՝ խորհրդարանի ղեկավարը կապահովի համակողմանի եւ բոլոր կողմերի ներգրավմամբ քննարկում։

Հ.Գ.1 Բնականաբար ապրիլմեկյան կատակ չէ, օրվա խորհուրդը #SutNikol հեշթեգի մեջ է պարունակվում»:

Տեսանյութեր

Լրահոս