Վարչապետի թիրախում Զոհրաբ Մնացականյա՞նն է
Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի զեկույցի՝ այսօր ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ վարչապետը, անդրադառնալով դիվանագիտական կորպուսի փոփոխության անհրաժեշտությանը, մասնավորապես ասել է.
«Այն ժամանակ, երբ ես ընտրվել եմ վարչապետ, բոլոր համակարգերի հետ կապված, հատկապես դիվանագիտական համակարգի՝ այնպես անել… Ի վերջո, հեղափոխությունը նաև այդ համակարգի համար է շոկ, որովհետև այն վերջին 20 տարիների ընթացքում գնացել է կեղծված ընտրություններով, քաղբանտարկյալների առկայությունն է արդարացել, ինչքան նեգատիվ երևույթներ եղել են, իշխանությունը դիվանագիտական համակարգի օգտագործումով փորձել է արտաքին աշխարհում տպավորություններ ստեղծել։ Բայց ես չեմ եկել ու ասել, որ՝ վայ, գիտեք, երբ ես քաղբանտարկյալ էի, գնում-ասում էիք՝ ճիշտ է, ինքը պետք է նստի։ Ես այդ մոտեցումը չեմ ունեցել, ընդհակառակը՝ ասել եմ, որ համակարգը պետք է ցնցումներից զերծ պահել, որպեսզի իրենք ադապտացվեն իրավիճակին, քանի որ դիվանագիտական ծառայությունը պրոֆեսիոնալ ծառայություն է։ Այստեղ համաձայն եմ, որ արդեն ժամանակն է, որ ադապտացվեն այդ իրավիճակին»։
Այստեղ ամենահետաքրքիրն այն էր, թե ում է հատկապես ուղղված վարչապետի ակնարկը։ Եվ դա հասկանալու համար, թերևս, արժե պատմության անիվը մի փոքր հետ պտտեցնել ու վերհիշել որոշ իրողություններ։
Այսպես, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նկատի ուներ 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո ստեղծված իրավիճակը, ապա պետք է նշել, որ այդ ժամանակ Եվրոպայի խորհրդում դեսպան էր ՀՀ այսօրվա արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով որպես հմուտ դիվանագետ՝ մեծ հաջողությամբ օգնում էր օրվա իշխանություններին իր գործունեությամբ Ստրասբուրգում 2008թ.-ի ցնցումների հետևանքները մեղմելու հարցում, աշխատում էր դիվանագիտական կորպուսի հետ և ԵԽԽՎ-ում, և Եվրոպայի խորհրդում՝ 2008թ.-ին Հայաստանի ընտրված իշխանությունների իմիջը բարելավելու, զեկույցները թեթևացնելու, այսպես կոչված՝ քաղբանտարկյալների թեման շրջանցելու համար։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ակնարկում էր Զոհրաբ Մնացականյանին, ով այդ գործի մեջ ամենամեծ ջանք դրած և ամենաշատ աշխատանք կատարած դեսպանն է եղել ժամանակին։
Ինտրիգը կայանում է նրանում, որ վարչապետը չէր կարող չենթադրել, որ շատերը իր խոսքի թիրախում հենց Զոհրաբ Մնացականյանին կարող են տեսնել, ուրեմն ո՞րն էր նրա այդ հայտարարության նպատակը։ Ի՞նչ է զգուշացնում վարչապետը նախարարին կամ ինչի՞ է նրան նախապատրաստում։
Հայաստանում մեր ժամանակներում իրադարձությունները բավականին արագ են զարգանում, ու բացառված չէ, որ շատ շուտով մենք կունենանք այդ հարցի պատասխանը։