Բաժիններ՝

Զելենսկին 10 տոկոսով Պորոշենկոյից առաջ է անցել նախագահական վարկանիշում

Շոումեն Վլադիմիր Զելենսկին մնում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների մրցավազքի առաջատարը. նրա, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի եւ «Բատկիվչշինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի միջեւ խզումը կազմում է գրեթե 10 տոկոս: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որոնք մարտի 28-ին հրապարակվել են «Ռեյտինգ» սոցիոլոգիական հետազոտական խմբի կողմից։

Հետազոտությունը մարտի 22-ից մինչեւ 27-ն անցկացվել է Ուկրաինայի բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի: Հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 3 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,8 տոկոսը:

Նախագահական վարկանիշի առաջատարը մնում է Զելենսկին, որին պաշտպանում է այն հարցվածների 26,6 տոկոսը, որոնք ընտրել են իրենց թեկնածուին եւ մտադիր են քվեարկել: Երկրորդ դիրքը կիսում են Պորոշենկոն եւ Տիմոշենկոն, որոնց պատրաստ է աջակցել ընտրողների 17-ական տոկոսը: Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոյի օգտին պատրաստ է իր ձայնը տալ 9,8 տոկոսը, «Ընդդիմադիր հարթակ-Հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոյին՝ 9,5 տոկոսը:

Ընդ որում՝ յուրաքանչյուր վեցերորդը դեռեւս չի ընտրել իր թեկնածուին: Ուկրաինայի նախագահի ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին: Ընդամենը պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է երկրի պատմության մեջ ռեկորդային 39 թեկնածու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս