«Դեղին բաճկոնավորների» բողոքները հանգեցրել են շամպայնի վաճառքների ռեկորդային անկման. Le Figaro
2018 թվականին Ֆրանսիայում շամպայնի վաճառքները մինչեւ 2004 թվականի մակարդակ են ընկել «դեղին բաճկոնավորների» բողոքների պատճառով: Այդ մասին հայտնել է Le Figaro թերթը:
Ինչպես նշում է հրատարակությունը, հղում անելով Շամպայն արտադրողների միջպրոֆեսիոնալ կոմիտեին, անցյալ տարի ֆրանսիական նշանավոր խմիչքի վաճառքներն ընկել են 1,8 տոկոսով եւ կազմել 301,9 մլն շիշ: Կոմիտեի տվյալներով՝ անկումն առաջին հերթին պայմանավորված ֆրանսիական եւ բրիտանական շուկաներում պահանջարկի նվազմամբ:
«Մենք անհանգստացած ենք վաճառքների ծավալների նվազմամբ, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում վաճառքների անկումը չի փոխհատուցվում արտահանման աճով»,-հրատարակությունը մեջբերել է կոմիտեի համանախագահ Ժան-Մարի Բարիերի հայտարարությունը:
Կոմիտեի տվյալներով՝ 2018 թվականին Ֆրանսիայում վաճառքները շարունակել են նվազել անբարենպաստ տնտեսական իրադրության պայմաններում, իսկ տարվա վերջին պահանջարկի վրա խիստ ազդել է «դեղին բաճկոնավորների» շարժումը: «Շարժման («դեղին բաճկոնավորների») հետեւանքները դժվար է գնահատել, բայց դրանք իրական էին»,-նշել է Բարիերը:
Նա պարզաբանել է, որ ներքին շուկայում վաճառքների նվազումը կապված է Փարիզում եւ մյուս տարածաշրջաններում ցույցերի պատճառով զբոսաշրջիկների թվաքանակի կրճատման հետ: Ինչպես նշել են կոմիտեում, «100 տարվա ընթացքում առաջին անգամ վաճառքների ծավալը Ֆրանսիայում արտահանումից ցածր է եղել»:
Բարիերը նաեւ հիշեցրել է, որ շամպայնի վաճառքների վրա ազդող անբարենպաստ գործոն է նաեւ մրցակցությունը Prosseco իտալական փրփրուն գինու հետ, որը «երեք-չորս անգամ ավելի էժան է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: