Բաժիններ՝

«Որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունն իր ձեռքից բիզնես է խլել և տվել ուրիշի». Փաշինյան

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվար ամիսներին աճել է 1,9 տոկոսով, չնայած այն հանգամանքին, որ հունվարին արդյունաբերական արտադրանքը նվազել էր 1,1 տոկոսով, իսկ փետրվարին գրանցված 4,7 տոկոս աճի շնորհիվ՝ երկամսյա հանրագումարը կազմել է 1,9 տոկոս։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, սա տեղի է ունեցել հետևյալ կարևոր պայմաններում, ուզում եմ հիշեցնել, որ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի, օրինակ՝ Թեղուտի հանքը, որը վիճակագրորեն ապահովում էր մեր արդյունաբերական աճի հսկայական տոկոսը, բավական երկար ժամանակ չի աշխատում։ Ուզում եմ ընդգծել, որ հանքարդյունաբերական ոլորտում ունեինք երկու հսկաներ, որոնք ապահովում էին առյուծի բաժինը։ Մենք այսօր աճ ենք ցույց տալիս այն պայմաններում, երբ այդ երկու գիգանտները չեն աշխատում։ Սրանց ճակատագիրի վերաբերյալ, հույս ունեմ, հարց ու պատասխանի վերաբերյալ կունենանք քննարկում։ Ուզում եմ ասել, որ շատ ակտիվ գործ է տեղի ունենում Թեղուտի հետ կապված, և այն մարդիկ, որոնք ներգրավված են գործընթացի մեջ, մեզ հավաստիացնում են, որ մենք շատ արագ և շուտով այդ ոլորտում կունենանք հաջողություն, այսինքն՝ կվերաբացվի»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ այս ցուցանիշները դիտարկելով՝ պարզ է դառնում, որ մշակվող արդյունաբերությունը հունվար-փետրվար ամիսներին աճել է շուրջ 8 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում 13,1 տոկոսով էլ ընդլայնվել է առևտուրը, բարձր տեմպերով աճել է նաև ծառայությունների ճյուղը՝ հունվարին աճը կազմել է՝ 15,6, իսկ փետրվարին՝ 19, 3 տոկոս։

«Սննդամթերքի արտադրությունն աճել է 25 տոկոսով, խմիչքներինը՝ 30 տոկոսով, հիմնականում ի հաշիվ կոնյակի արտադրության, ինչը ռազմավարական և կարևոր ճյուղ է մեր երկրում։ Հագուստի արտարդությունն աճել է՝ 15, ծխախոտինը՝ 17 տոկոսով։ Միաժամանակ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին զգալի աճ է գրանցվել կոնյակի արտահանման ոլորտում, որի արժեքը կազմել է 30,2 մլն ԱՄՆ դոլար։ Ոսկերչական իրերի արտահանումը կազմել է 5,3 մլն ԱՄՆ դոլար։

Կարծում եմ՝ թվերը կարևոր են, երբ դրանց հետևում կա բովանդակություն: Երրորդ Հանրապետությունում մենք շատ ենք այդ սխալը գործել, երբ հետևել ենք միայն թվերին՝ առանց խորանալու դրանց բովանդակության մեջ։ Այս ամենը նշանակում է, որ տնտեսական զարգացման կամ տնտեսական հեղափոխության մեր մոդելն աշխատում է, համոզված եմ, որ այն ավելի ու ավելի լավ է աշխատելու»,- շեշտեց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ տնտեսական մենաշնորհների դեմ պայքարում գրանցել են կոնկրետ հաջողություններ, ուստի 2018 թվականի մի քանի ամիսների ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս՝ նախկին 95-ի փոխարեն։ Իսկ բանան ներմուծող ընկերության տեսակարար կշիռը նախկին 57 տոկոսի փոխարեն՝ կազմել է 37 տոկոս։ Բենզին ներմուծողների մոտ էլ 43 տոկոսը նվազել է՝ հասնելով 29 տոկոսի, դիզվառելիքի դեպքում՝ 29 տոկոս, նախկին 51 տոկոսի փոխարեն։

Վարչապետը վստահեցրեց, որ այդ ընկերությունների ողնաշարը չեն կոտրել, այլ նրանք շարունակել են իրենց բնականոն գործունեությունը, սակայն դաշտ է բացվել նաև այլ ընկերությունների գործունեության համար։

«Որևէ մեկը չի կարող ասել, որ այս ընթացքում կառավարությունն իր ձեռքից սեփականություն է վերցրել և այն տվել է ուրիշի։ Որևէ մեկը չի կարող ասել, որ կառավարությունն իր ձեռքից բիզնես է խլել և տվել ուրիշի։ Կարևոր է, որ այս լավատեսական ցուցանիշները կիսում են միջազգային այն կազմակերպությունները, որոնք ունենք փորձագիտական բավականին լուրջ հեղինակություն տնտեսության դաշտում։ Մեր երկրի տնտեսության վերաբերյալ նրանք վերջին ամիսներին անընդհատ պոզիտիվ մեսիջներ են հղել»,- ընդգծեց վարչապետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս