Արցախում պետք է լուրջ ուշադրություն դարձվի նռան այգիների հիմնմանը. գյուղատնտեսության ոլորտի խորհրդատու
Արցախում հիմնականում զարգացած է պտղաբուծությունը և հացահատիկային տնտեսությունը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ»-ի Մեղրու տարածաշրջանի խորհրդատու Գևորգ Մարգարյանը՝ նշելով, որ պտղաբուծության մեջ մեծ դեր է խաղում նռան այգիների մշակումը:
«Արցախում պետք է լուրջ ուշադրություն դարձվի նռան այգիների հիմնմանը և այգիներում իրականացվող լիարժեք ագրոտեխնիկական միջոցների կիրառմանը՝ սկսած տնկարանում նռան բազմացումից, հողի պարարտացումից, խնամքից, բույսերի պաշտպանության վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքներից: Արցախը հնարավորություն ունի մեծացնելու նռան արտահանման ծավալները: Կան մի շարք թերություններ, որոնք շտկելու դեպքում գյուղատնտեսները կկարողանան նվազագույն ծախսերով լավ բերք ստանալ:
Օրինակ, գյուղատնտեսների գրոտեխնիկական ճիշտ և ժամանակին կատարած աշխատանքների արդյունքում կկանխվի կամ կնվազեցվի մի շարք հիվանդություններ, և արդյունքում կունենան օրգանական մթերք: Հայաստանում շատ գյուղատնտեսներ կան, ովքեր հրաժարվում են թունաքիմիկատներից և զբաղվում են միայն օրգանական գյուղատնտեսությամբ. այն իր մեջ ներառում է ոչ միայն բույսերի պաշտպանությունը, այլև տարրական հողագործությունից մինչև բերքի պահպանումը»,-մասնավորապես ասել է Գ. Մարգարյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ հողին պետք է տալ անհրաժեշտ և որակյալ պարարտանյութ, որպեսզի հողից վերցրված բույսի միկրոտարերը հետ վերադարձվեն հողին՝ ապահովելով հաջորդ տարվա բերքը:
Գ. Մարգարյանը հողօգտագործողներին խորհուրդ է տալիս առաջին հերթին ձեռք բերել մասնագիտական ունակություններ, ընթերցել գյուղատնտեսությանը վերաբերող գրականություն և ունենալ պրակտիկ փորձ: Գյուղատնտեսության ոլորտի խորհրդատուն պատրաստ է իր գիտելիքներով ու փորձով կիսվել բոլոր այն գյուղատնտեսների հետ, ովքեր իր կարիքն ունեն:
«Արցախն ունի հողային և ջրային հարուստ ռեսուրսներ, ընդերքի պաշարներ, բնակլիմայական պայմաններ, կենսաբազմազանության հարստություն, որոնք պետք է ճիշտ կիրառել: Մեր փորձառու հողօգտագործողների հետ համալիր աշխատանքի շնորհիվ կկարողանանք նվազագույն միջոցներով ունենալ առավելագույն արդյունք: Վերջին տարիներին Արցախի գյուղատնտեսության ոլորտում նկատվում է արմատական փոփոխություն, մեծ առաջընթաց, և որը պետք է շարունակական լինի»,-ավելացրել է Գ. Մարգարյանը: