Բաժիններ՝

«Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ». Սուրեն Սահակյան

Կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը շահառուների մոտ նորից անվստահության հիմքեր է ստեղծում: Դեռ անցած տարեվերջին շատ ու շատ քաղաքացիներ ահազանգում էին այն մասին, որ իրենց հաշիվներին աշխատավարձից պահվող 2.5 տոկոս եկամտի հետ զուգահեռ՝ պետության կողմից փոխանցվող 7.5 տոկոսը չի հասել կուտակային ֆոնդեր:

Մամուլում կառավարության պատասխանատու օղակներից հնչած պաշտոնական մեկնաբանությունը տեխնիկական խնդիրներով էր իրավիճակը պատճառաբանում:

Վկայակոչում էին «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում հեղափոխությունից հետո արված շտկումները, որոնց հետևանքով համակարգը տեխնիկական կիքսեր էր տվել: Խոսքը Նիկոլ Փաշինյանի կառավարության զիջած ևս 2.5% աշխատավարձի պահումների մասին է, երբ կուտակային կենսաթոշակային համակարգ գանձվող 5 տոկոսի փոխարեն՝ պետությունն իր վրա վերցրեց ամեն աշխատուժի համար ևս 2.5%, աշխատավարձից պահումների բեռը՝ պահումները դարձնելով 2.5% աշխատուժ + 7.5% պետություն հարաբերակցությամբ: Խնդիրը մինչ օրս լուծում չի գտել, կամ իրականում խնդիրը ոչ թե՝ համակարգի, այլ՝ իշխանությունների ներսում է: Հերթական ահազանգը երեկ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն էր արել: Ֆեյսբուքում նա հրապարակել էր իր հաշիվը ստուգած համակարգի տվյալները:

«Մինչ Կենտրոնական բանկն իր ներուժը հետևողականորեն օգտագործում ա ֆինանսական ոլորտի փոքր խաղացողներին շուկայից հանելու համար, իր վերահսկողության տիրույթում գտնվող խոշոր խաղացողները տարեկան 4% շահութաբերության պայմաններում (նախորդ տարի 13,1% էր) ապագա կենսաթոշակառուների միջոցները կարողանում են պակասեցնել։ Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ։ 2018-ին դուք տուժել եք։ Դեռ համակարգի ներդրման առաջին օրերից կասկած կար, որ կուտակվող միջոցները երբեք էլ հետ չենք ստանալու։ Էդ կասկածները գնալով խորանում են։ Իսկ ԿԲ-ը պատշաճ վերահսկողություն իրականացնելու փոխարեն՝ փակում ա նրանց, ում փակելու համար ուժը բավարար ա գտնում։

Հ․Գ․ Ռուսները էս դեպքի համար մի լավ խոսք ունեն․ «Չես կարողանում «դուրս գնալ»՝ մի տանջիր «համապատասխան տեղդ»»,- գրել էր «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը։

«Երկու առանձին անձինք են դիմել ինձ՝ որպես կուսակցության ներկայացուցիչ, և հայտնել, որ իրենց կուտակային հաշիվները ստուգելիս հայտնաբերել են՝ կառավարիչ ֆոնդերը մինուսով են եկամտաբերությունը ցույց տվել: Նախորդ տարի այս անձանց կուտակումները աշխատել են 13.1 տոկոս եկամտաբերություն, մինչդեռ այս տարի ապահովագրող ֆոնդը զգալի անկում է գրանցել»,- 168.am-ի հետ զրույցում իր գրառումը պարզաբանել է ՔՈ կուսակցության ներկայացուցիչը:

Սուրեն Սահակյանի արձանագրած դեպքերը շատ են, և ամենաուշագրավն այն է, որ նույն ֆոնդում պահվող տարբեր անձանց հաշիվների եկամտաբերությունը լրիվ տարբեր եկամտաբերության ցուցանիշ է ցույց տալիս:

«Իսկ այսպիսի իրավիճակներից ոչ մեկս ապահովագրված չենք»,- այս ամենից նեգատիվ հետևություն է անում Սուրեն Սահակյանը և խոստանում պետական մարմիններից առաջիկա օրերին այս անհասկանալի բանաձևի բացատրությունը ստանալ:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային ոլորտում դեռ խորհրդային տարիներից գործող բաշխողական համակարգին 2014 թվականից միացավ նաև կուտակային կենսաթոշակային համակարգը: Ներդրված նոր համակարգում ներառված են 1974 թվականին և դրանից հետո ծնված բոլոր աշխատող անձինք:

Ապագա կենսաթոշակառուներն իրենց աշխատավարձից պահվող 2.5 տոկոս փոխանցումներն իրականացնում են ավտոմատ համակարգի միջոցով: Սոցիալական վճարների եկամտաբերությունն ու վերադարձելիությունը երաշխավորում են ՀՀ կառավարությունն ու իր հետ պայմանագիր կնքած կուտակային կենսաթոշակային երկու միջազգային հեղինակավոր ֆոնդերի ՝ «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Մենեջմենթ Արմենիա», կառավարիչների միջոցով:

ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս