«Միությունն իրականում կարող է եկամուտներ ունենալ, աջակցել լրագրողներին, բայց այդ հնարավորությունը, ցավոք, չունի». Սաթիկ Սեյրանյան
«Ժամանակին կնքվել են ստրկատիրական, նվաստացուցիչ պամաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է մեզ խոստանում։ Խնդիրն այն է, որ Հայաստանի Ժուռնալիստների միությունը գտնվում է Պուշկինի 3ա հասցեում, կոմերցիոն առումով բավականին լավ վայրում։ Այս շենքում կա մի քանի վարձակալ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, «Էլզա Գրիգ» անունով մի ընկերություն, «Ավանգարդ քլաբ» ընկերությունը, Լրատվամիջոցների աջակցության հիմնադրամը, «168 Ժամը» և «Արամայիս Հարությունյան» անհատ ձեռնարկատերն է այնտեղ գործունեություն ծավալում»,- հայտարարեց Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը Միության տարածքների՝ փաստացի օտարման կապակցությամբ այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էր նաև ՀԺՄ փաստաբան Աղավնի Մադոյանը։
«Վարչության նիստում քննարկվել ու որոշում է կայացվել՝ մյուսների, այդ թվում՝ «168 Ժամի» պայմանագիրը պետք է փոփոխության ենթարկվեն։
Բայց մենք լուրջ խնդիրներ ունենք երեք կազմակերպությունների հետ, որոնք վարձակալել են առաջին հարկի ու նկուղային տարածքները։ «Էլզա Գրիգ» ընկերությունը մինչև 2080 թվականը վարձակալել է 798.6 քմ՝ 400 հազար դրամով, որի մեջ ներառված են հարկերը, գույքահարկն ու համատիրության վճարները պետք է Միությունը կատարի։ Միայն այդ տարածքի գույքահարկը տարեկան կազմում է 567 հազար դրամ։ Ստացվում է՝ 1 քմ-ն այդ ընկերությանը տրվել է 501 դրամով»,- նման տվյալներ հրապարակեց Միության նախագահը։
«Էլզա Գրիգ» ընկերությունն այդ տարածքը տվել է ենթավարձակալության՝ այլ տնտեսվարողների։ Երբ փորձել են վարկ վերցնել «խայտառակ վիճակում» գտնվող շենքի վերանորոգման համար, բանկը պահանջել է, որ վարձակալները նոտարով հավանություն տան, որովհետև, փաստորեն, շուրջ 100 տարով կնքված պայմանագրերի դեպքում տարածքի փաստացի սեփականատերերը վարձակալներն են։ Այդ ժամանակ կարողացել են ծանոթանալ ենթավարձակալության պայմանագրերից մեկին։
«Պարզվեց, որ 798.6 քմ-ից ընդամենը մի հատվածը վարձակալության է տրվել 3 մլն 800 հազար դրամով։ Կողքի հատվածը, որի վրա գրված էր՝ տրվում է վարձով, զանգահարեցինք, ներկայացանք՝ որպես քաղաքացի, ճշտեցինք վարձի չափը։ Ասացին՝ 5500 դոլար»,- շարունակեց Միության նախագահը։
Բանախոսը նշեց, որ «Արամայիս Հարությունյան» ԱՁ-ն դարձյալ նույն պայմաններով Միության 138,2 քմ տարածքը մինչև 2030 թ. վարձակալել է ընդամենը 50 հազար դրամով. «Այդ տարածքը ևս տրված է ենթավարձակալության իրավունքով, այնտեղ հիմա հոսթել է գործում: Ստացվում է՝ այդ տարածքի 1 քմ-ն վարձակալել են 362 դրամով»:
Սեյրանյանը նաև անդրադարձավ Միության շենքում վարձակալությամբ գործող լրատվական կազմակերպություններին՝ մասնավորապես նշելով, որ «Ֆոտոլուր» գործակալությունը 36 քմ տարածքը վարձակալում է 80 հազար դրամով, «168 Ժամ» լրատվական կայքն էլ զբաղեցնում է երկու սենյակ՝ վճարելով 215 հազար դրամ. «Շենքում է գտնվում նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, որն էլ երեք փոքր սենյակների համար (38 քմ, 14 քմ, 19 քմ) վճարում է 95 հազար դրամ»:
Փաստաբան Աղավնի Մադոյանն էլ իր խոսքում նշեց, որ այս տարածքների շուկայական արժեքը պարզելու համար դիմել են ՀՀ Պետական գույքի գնահատման գործակալություն, և ստացված եզրակացության համաձայն՝ 138,2 քմ տարածքի շուկայական գինն այս պահին կազմում է 289 հազար դրամ, 798,6 քմ տարածքի շուկայական արժեքը 2 մլն 178 հազար դրամ է, իսկ 764 հազար քմ տարածքի համար սահմանված է 1 մլն 499 հազար դրամ։
«Նշեմ, որ այս գնահատումը կատարվել է զրոյական վիճակով: Բացի դա, պայմանագրերում կան այլ խախտումներ, մասնավորապես, ըստ պայմանագրի, վարձակալն իրավունք ունի երկու ամիս առաջ գրավոր ծանուցումից հետո լուծարել պայմանագիրը, իսկ վարձատուն այդ իրավունքը չունի: Միակ նախապայմանը, որի դեպքում վարձատուն կարող է լուծարել պայմանագիրը, վարձի չվճարումն է»,- ասաց նա:
Սաթիկ Սեյրանյանն էլ հավելեց՝ Միության նախագահը միանձնյա չի կարող նման պայմանագրեր կնքել կազմակերպությունների հետ, անհրաժեշտ է նաև վարչության անդամների համաձայնությունը, սակայն փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում պարզվել է՝ խորհրդի երկու անդամի ստորագրությունը կեղծված է:
Փաստաբանը նշեց, որ այս խախտումների հիման վրա Միությունը Ոստիկանություն հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել: Քրեական գործ է հարուցվել ՔՕ 214.1 (Առևտրային և այլ կազմակերպությունների ծառայողների կողմից չարաշահում) և 325.1 (Իրավունք վերապահվող փաստաթղթի կեղծում) հոդվածների հատկանիշներով. «Այս պահին նաև ունենք հարուցված 2 դատական գործ, հաջորդը ևս պատրաստվում ենք ներկայացնել դատարան»:
«Տարիներ անց ես կլինեմ Ժուռնալիստների միության նախագահը, թե մեկ ուրիշը, ուզում եմ ասել, որ այդ տարածքները ձեռք են բերվել մեր ավագ սերնդի ջանքերով, Միությունն իրականում կարող է մեծ եկամուտներ ունենալ, աջակցել լրագրողներին, բայց այդ հնարավորությունը, ցավոք, չունի»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Ներկայումս միության գույքահարկի պարտքը 2017-2018թթ. համար կազմում է 3 մլն 842 հազ 262 դրամ։ Ս.Սեյրանյանը համոզված է, որ եթե հաջողվի տարածքները վերադարձնել Միությանը, ապա կարող են թե՛ գույքահարկը վճարել, և թե՛ բոլոր մյուս հարկային պարտավորությունները կատարել։