«Շահագործման հանձնված զորամասն ընդհանուր գործողությունների շղթայում մեկ մասնիկ է». Վերլուծաբանը՝ սահմանին ադրբեջանական զորամասի բացման վերաբերյալ

Օրերս Ադրբեջանի սահմանային պետական ծառայության պետ Էլչին Ղուլիևը հայտարարել էր հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում ադրբեջանական  նոր զորամասի տեղակայման մասին։ Ըստ Է. Ղուլիևի՝ տվյալ զորամասը կարևոր է պետական սահմանի ամբողջականության ապահովման տեսանկյունից։

Նշենք, որ տվյալ տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին։

«Ռազմինֆոյի» վերլուծաբան Հայկ Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ղազախ-Աղստաֆա հատվածում տեղակայված զորամասին՝ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանում ռազմական առումով կատարվող  ցանկացած փոփոխություն իրենից վտանգ է ներկայացնում։

«Շահագործման հանձնված զորամասն ընդհանուր գործողությունների շղթայում մեկ մասնիկ է։ Նախորդ տարվա հոկտեմբերից սահմանի այդ հատվածն Ադրբեջանի բանակի փոխարեն՝ սկսեց պահպանել պետական սահմանապահ զորքը, որը մինչ այդ հայկական ստորաբաժանումների առջև կանգնելու խնդիր չէր ունեցել, սա առաջին անգամն է։ Այս պարտականությունները ստանձնելուց հետո սահմանի ամբողջ երկայնքով սկսեցին վերանորոգման շինարարական աշխատանքներ՝ դեպի դիրքեր տանող ճանապարհների կառուցում, դիրքերում եղած վաշտերի հենակետերի վերանորոգում, եղած պայմանների բարելավում, և այլն։ Այդ ժամանակ էլ վերանորոգվեց նշածս զորամասը, որը զրոյից չի կառուցվել, շենքը կար, որը հիմնովին վերանորոգեցին, ընդլայնեցին տարածքն ու հարակից կառույցները»,- նշեց վերլուծաբանը։

Կարդացեք նաև

Նա նաև հավելեց, որ Ղազախ-Աղստաֆա հատվածում ադրբեջանական  նոր զորամասի տեղակայումն առնչություն չունի մարտի 11-15-ը տեղի ունեցած ադրբեջանական զորավարժությունների հետ, քանի որ տարածքի շինաշխատանքները սկսվել էին հոկտեմբերին, որն ավարտելուց հետո տեղակայվել է զորամասը։

Հայկ Խաչիկյանի խոսքով՝ զորամասում, ըստ էության, տեղակայվելու է սահմանի հյուսիսային հատվածը սպասարկող ստորաբաժանումը, որը գումարտակ է։

Հարցին՝ հաշվի առնելով Նախիջևանի հատվածը, որտեղ հակառակորդը մշտապես ամրապնդում է դիրքերը, կարո՞ղ ենք ասել, որ հայ-ադրբեջանական սահմանն ավելի խոցելի է դառնում, վերլուծաբանը պատասխանեց, որ նման պնդում չի կարող անել, քանի որ այնպես չէ, որ այսօր հայկական սահմաններն ավելի թույլ են պաշտպանված։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից առաջնագծի մասշտաբային շինարարություններին, դա ավելի շատ ադրբեջանական ստորաբաժանումների համար եղած պայմանների բարելավում է, ինչը համեմատելի չէ նախիջևանյան հատվածի հետ, որտեղ նրանք կոնկրետ տարածքով առաջ էին եկել և ամբողջովին նոր դիրք ստեղծել։ Տավուշի հատվածի սահմանը կարելի է բնորոշել՝ որպես դիրքերի բարեկարգում ու ամրացում, իսկ Նախիջևանում՝ չեզոք գոտու հաշվին առաջխաղացում»,- շեշտեց Հայկ Խաչիկյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս