Բաժիններ՝

«Որքան էլ ցանկալի չլինի տնտեսվարողների համար, բայց կա արգելված սննդամթերքի ցանկ, որոնց վաճառքը դպրոցներում ու մանկապարտեզներում արգելելու ենք». ՍԱՊԾ աշխատակից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով մանկապարտեզներում սննդի անվտանգության կանոնների հետ կապված խնդիրներին, նկատեց՝ այսօր մանկապարտեզներում ամբողջությամբ դեռ չեն լուծվել սննդի հետ կապված խնդիրները, դրանց ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

«Այժմ մենք փորձում ենք «գույքագրել» խնդիրները, որոնք պայմանավորված են տեղական ինքնակառավարման մարմիններով, այսինքն՝ կա ընդհանուր վերանորոգման անհրաժեշտություն, կան նաև խնդիրներ, որոնք պայմանավորված են արդեն իսկ պատասխանատուների որոշակի շղթայում թույլ տված թերացումներով, օրինակ՝ սննդամթերքի մատակարարման, պատրաստման և մատուցման շղթայում։ Կարող եմ ասել, որ մանկապարտեզներում սննդի որակի հետ կապված խնդիրները նվազում են, սակայն դրանց վերջնական լուծման համար մեզ անհրաժեշտ է  համալիր աշխատանք ՏԻՄ-ի հետ, որպեսզի կարողանանք տարիներով կուտակված խնդիրները լուծել։ Կան մանկապարտեզների շենքեր, որոնք կառուցվել են 1970-ական թվականներին և ունեն կապիտալ վերանորոգման անհրաժեշտություն»,- ասաց Վ. Դանիելյանը։

Ըստ Վահե Դանիելյանի, մանկապարտեզներում ամենամեծ խնդիրը շենքային պայմաններն են, այնուհետև՝ մարդկային գործոնը։

«Վերջին տարիներին թունավորման այդ դեպքերը, որոնք գրանցեցինք, հիմնականում երկրորդային աղտոտվածության սննդամթերքի, այսպես ասած՝ որակական հատկանիշների փոփոխման խնդիրն էր։ Այստեղ է, որ պատասխանատուները պետք է իրենց տեղում լինեն, և աշխատակիցներին, որոնք ամեն պահի շփվում են սննդամթերքի հետ, մինչ աշխատանքի թույլ տալը՝ համապատասխան մասնագետի կողմից արտաքին հատկանիշներով զննում իրականացվի։ Եթե տվյալ աշխատակիցը ձեռքերին ունի վերքեր, բարձր ջերմություն՝ պետք է թույլ չտան մոտենալ սննդամթերքին, բայց շատերն անտեսելով այդ ամենը՝ բերում են անցանկալի հետևանքների»,- շեշտեց Վահե Դանիելյանը։

Ինչ վերաբերում է մանկապարտեզներում սննդակարգում ներառված ոչ թույլատրելի սննդամթերքների՝ գազավորված ըմպելիքներ, երշիկ, չիպս և այլն, վերահսկողությանը, Վ. Դանիելյանն ընդգծեց, որ նման դեպքերը վերահսկում է թե՛ ՍԱՊԾ-ն, թե՛ Առողջապահության նախարարությունը, յուրաքանչյուրը՝ իր պատասխանատվության շրջանակներում։

«Մենք բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին գրություներ ենք ուղարկել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստակամ ենք քննարկելու իրենց կողմից պատրաստված տեխնիկական բնութագրերը։ Օրինակ՝ մենք ստացել ենք Սոցապ նախարարության հատուկ խնամքի հաստատությունների այնպիսի տեխնիկական բնութագիր, որտեղ չկան արգելված սննդամթերքի տեսակներ։

Նախկինում նման շատ դեպքեր կային, երբ մանկապարտեզներում հայտնաբերվում էին արգելված սննդամթերքի տեսակներ, հատկապես՝ մասնավոր մանկապարտեզներում, բայց այսօր նրանք առաջնորդվում են Առողջապահության նախարարության հրամանով, որտեղ հստակ տրված է, թե մանկապարտեզներում ինչն է թույլատրվում, որպեսզի երեխաներն ուտեն։ Որքան էլ ցանկալի չլինի տնտեսվարողների համար, բայց կա արգելված սննդամթերքի ցանկ, որոնց վաճառքը դպրոցներում ու մանկապարտեզներում արգելելու ենք»,- ընդգծեց Վ. Դանիելյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս