Բաժիններ՝

Եթե սիրով անես աշխատանքդ, վստահաբար ամեն ինչ կստացվի․ Գարիկ Սեփխանյանը՝ դերասանի կարևոր հատկանիշների մասին

Հումորային մի շարք նախագծերի սցենարիստ-դերասան Գարիկ Սեփխանյանը հայտնի է «Ֆուլ հաուս» սիթքոմում մարմնավորած Ռուբենի կերպարով։ Գարիկ Սեփխանյանը, ով նաև սիթքոմի սցենարական կազմում է ընդգրկված, սովորել է Էջմիածնի պետական քոլեջում՝ ռեժիսուրայի ֆակուլտետում։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում սցենարիստ-դերասանը խոսել է մասնագիտության ընտրության, կերտած դերերի, նախասիրությունների և մտադրությունների մասին։

-Ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց ռեժիսորի մասնագիտությունը։

-Այն ժամանակ հնարավորությունները այդքան մեծ չէին, որ կարողանայի այլ մասնագիտություն ընտրել։ Ես Էջմիածնի պետական քոլեջում եմ սովորել, և քոլեջում գոյություն ունեցող բոլոր բաժիններից ինձ ամենահամապատասխանը ռեժիսուրան էր։ Ծնողներս էլ մասնագիտության ընտրությունը ինձ վրա էին թողել, ես էլ ընտրեցի ռեժիսուրան։

-Ինչպե՞ս եղավ ռեժիսորից դերասան անցումը։

-Դերասանական կարիերաս սկսել եմ «Մի կաթիլ մեղր»-ից, որտեղ ընկերս՝ Դավիթ Զոհրաբյանը, ռեժիսորն էր, իսկ ես նրան ուղղակի օգնում էի։ Մի օր, այնպես ստացվեց, որ մի տղա երկար փորձելուց հետո չէր կարողանում խաղալ անհրաժեշտ դերը։ Ես ջղայնացած մոտեցա նրան և ասեցի․ «Չե՞ս կարողանում այսպես ասել», և արտասանեցի սցենարով նախատեսված խոսքերը։ Մեր օպերատորն ու Դավիթը ինձ ասացին՝ փոխվի՛ր, արի (ծիծաղում է- հեղ․) և հենց այդտեղից էլ սկսվեց իմ դերասանական կարիերան։ Քանի որ ռեժիսորի մասնագիտությունն իր մեջ ընդգրկում է նաև դերասանություն, ինձ դժվար չէր միանգամից մտնել այդ ասպարեզ։

-Ձեզ ավելի շատ դերասան եք համարում, թե՞ ռեժիսոր։

-Ավելի շատ դերասան, որովհետև արդեն տասը տարի է, ինչ սցենարիստ-դերասան եմ։ Դեռ ռեժիսուրայով չեմ զբաղվել։ Ինձ ավելի հոգեհարազատ է դարձել սցենարիստ-դերասանի աշխատանքը։ Չեմ բացառում, որ հնարավոր է ապագայում ուժերս փորձեմ նաև ռեժիսուրայի ոլորտում, թեև այս պահին նման մտադրություն չունեմ։

-Ո՞րն է ձեզ ամենահոգեհարազատ կերպարը, որը կերտել եք։

-Բոլոր կերպարներն էլ հոգեհարազատ են դառնում ժամանակի ընթացքում։ Դժվար է որևէ մեկն առանձնացնելը։ Կարծում եմ ամենահոգեհարազատը «Yere1» հումորային նախագծում մարմնավորած Վիպոյանի հորեղբոր՝ Մակիչի կերպարն է, որովհետև հենց այդտեղից հիմանական դեր և ճանաչում ձեռք բերեցի։

-Դուք «Ֆուլ հաուս»-ում հանդիսանում եք և՛ համասցենարիստ, և՛ դերասան։ Դժվար չէ՞ և՛ գրելը, և՛ խաղալը միաժամանակ։

-Դժվար չէ: Հակառակը՝ ավելի շատ օգնում է, քան խանգարում. քանի որ ես եմ ստեղծում այդ կերպարը և հասկանում եմ, թե ինչպես պետք է մարմնավորել այն։ Սցենարը գրելու ժամանակ ես հնարավորություն եմ ունենում ավելի խորն ուսումնասիրելու կերպարը և նկարահանման ժամանակ ինձ համար ավելի հեշտ է լինում խաղալ այն։

-Մի առիթով ասել եք, որ ի տարբերություն այլ նախագծերի «Ֆուլ հաուս»-ը չի քննադատվել հասարակության կողմից։ Ըստ ձեզ, ինչի՞ շնորհիվ է դա։

-Մենք չենք վախենում հանդիսատեսի քննադատությանն արժանանալուց, բայց փորձում ենք այնպես գրել սցենարը, որ թեկուզ փոքր տարիքի հանդիսատեսին հասանելի լինի մեր հումորը։ Իհարկե, կան հումորներ, որոնք միայն մեծահասակների համար են նախատեսված և դրանք գրում ենք այնպես, որ երեխաների համար անհասանելի լինեն, իսկ մեծերի համար՝ հասանելի։ Մեր կերպարներից ամեն մեկն իր հերթին սիրվեց հանդիսատեսի կողմից, որովհետև աշխատել ենք հնարավորինս մաքուր անել և՛ դերասանական խաղը, և՛ սցենարը, և՛ մոնտաժը։ Բոլորս միահամուռ կերպով փորձել ենք այնպես անել, որ հաղորդումը սիրվի հասարակության կողմից, քննադատության չարժանանա և ինչպես տեսնում եք, ստացվել է։

-Ամուսնացած եք և ընտանիք ունեք, դժվար չէ՞ դերասանական և ընտանեկան կյանքը համատեղելը։

-Դժվար է, երբ տանն ես լինում շատ քիչ և չես հասցնում բավարար ժամանակ հատկացնել ընտանիքիդ անդամներին, որովհետև աշխատանքդ խլում է քո ունեցած ամբողջ ժամանակը։ Ես ուղղակի շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս անդամներին, որ դիմացել են այսքան և դեռ շարունակում են դիմանալ։

-Կա՞ մեկը, որը օգնում է ձեզ դժվար իրավիճակներում կողմնորոշվել։

-Արդեն տասը տարի է, ինչ աշխատում եմ Գրիգոր Դանիելյանի հետ։ Մենք իրար ավելի շատ ենք տեսնում, քան մեր ընտանիքի անդամներին (ծիծաղում է-հեղ.)։ Քանի որ նա ավելի փորձառու է, ինձ միշտ օգնում է ՝ կերպարների հետ կապված դժվար իրավիճակներում։

-Որո՞նք են դերասանի ունեցած կարևոր հատկանիշները։

-Ուղղակի պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես։ Եթե սիրով անես աշխատանքդ, վստահաբար ամեն ինչ կստացվի, եթե մասնագիտությունը ծառայի միայն գումար վաստակելու համար, կարծում եմ, այն երկար կյանք չի ունենա։

-Դուք ձեզ հաջողակ մարդ համարում ե՞ք։

-Այո, ես ինձ հաջողակ եմ համարում, որովհետև ունեմ լավ ընտանիք, լավ ընկերներ և սիրելի աշխատանք։

-Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ։

-Քանի որ շատ քիչ եմ ունենում ազատ ժամանակ, շատ բաներից չեմ հասցնում օգտվել, ասենք ժամանցային վայրեր գնալ և այլն։ Ինձ համար լիցքաթափման լավագույն միջոցներից մեկը ձկնորսությունն է։ Մեքենայիս բեռնախցիկում միշտ պահում եմ ձկնորսական գործիքներ և երբ ժամանակ եմ ունենում, միանգամից գնում եմ ձկնորսության։

-Ի՞նչ երբեք չեք անի։

-Երբեք չեմ երգի, որովհետև չեմ կարողանում (ծիծաղում է-հեղ.)։

-Ի՞նչն է պակասում այսօրվա հեռուստատեսությանը։

-Ինձ թվում է, որ հեռուստատեսության կարևոր գործառույթներից մեկն արտադրանքի որակը բարձր պահելն է և պետք է կարողանալ բավարարել տարբեր տարիքային խմբերի հետաքրքրությունները։

-Մի անգամ ասել եք, եթե փաստագրական ֆիլմ նկարահանելու հնարավորություն ունենաք, այն կլինի Սողոմոն Թեհլերյանի մասին։ Ինչո՞ւ։

-Այո, եթե փաստագրական ֆիլմ նկարահանելու հնարավորություն ունենայի, անկասկած այն կլիներ Սողոմոն Թեհլերյանի մասին։ Այն, ինչ նրանք արել են, պետք է հասանելի դարձնել մեր հասարակության բոլոր տարիքային խմբերին՝ թեկուզ փաստագրական ֆիլմերի միջոցով։

-Արդյո՞ք մի օր ձեզ կտեսնենք թատրոնի բեմին։

-«Ֆուլ հաուս»-ի շոու ներկայացումների միջոցով շրջագայել ենք տարբեր երկրներ և ներկայացումներ տվել, այսինքն՝ բեմի վրա աշխատելու փորձ ունեմ, բայց դա, իհարկե, թատերական ներկայացում չէ։ Դեռ թատերական ներկայացման համար առաջարկ, որպես այդպիսին, չեմ ստացել, բայց ամեն ինչ հնարավոր է։

Հարցազրույցը՝ Մերի Մնոյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս