Ադրբեջանական կողմը, հնարավոր է՝ խորհրդանշական այդ գրությունների հանգամանքն օգտագործի հակահայկական քարոզչության նպատակով

Մարտի 15-ին հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել՝  այս անգամ՝ Նոր Զելանդիայի Քրյասթչըրչ քաղաքում: Երկու մզկիթների վրա տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 50-ի, կան տասնյակ վիրավորներ: Հարձակման պահին մզկիթներում եղել է մոտ 500 մարդ: Ոստիկանության փոխանցմամբ՝ հարձակվողները եղել են չորս հոգի՝ երեք տղամարդ և մեկ կին:

Գլխավոր կասկածյալ 28-ամյա Բրենթոն Թարանթը կալանավորվել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հատկանիշներով:

Նա հայտարարել է, որ իր թիրախը Նոր Զելանդիայի մահմեդականներն են և ներգաղթյալները: Գրոհից առաջ նա սոցցանցում հրապարակել է 87 էջից կազմված «հռչակագիր», որտեղ հիմնականում արտահայտում է իր ատելությունն ու հակակրանքը՝ մահմեդականների, միգրանտների նկատմամբ: Նա նաև կոչ է արել սպանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Այստեղ ուշագրավ հանգամանք էլ կա՝ ահաբեկիչների կիրառած զենքերի վրա երևում են գրություններ տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, սերբերեն և հայերեն:

Գրությունները վերաբերում են պատմական ճակատամարտերին: Հայերեն գրությունում հիշատակվում է «Սարիղամիշի ճակատամարտը»:

«Նոր Զելանդիայում ահաբեկչության իրականացումը, որպես զուտ գործողություն, չպետք է որևէ կերպ տարանջատել այն նույն ահաբեկչական հարձակումներից, որոնք վերջին տարիներին պարբերաբար իրականացվում էին եվրոպական, ամերիկյան տարբեր քաղաքներում, Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում: Բայց և այնպես՝ այս ու նշված երկրներում կատարված գործողությունների միջև կա ակնհայտ տարբերություն՝ առաջին հերթին՝ դրդապատճառների և գաղափարական հիմնավորման առումով: Ակնհայտ է, որ տվյալ գործողությունը նախաձեռնողը, իրականացնողն ունեցել է հստակ թիրախներ, նպատակներ, որոնց մասին առնվազն պարզ է դառնում նրա հրապարակած «հռչակագրից»: Տվյալ անձն ու խումբը, պարզ է, որ ունեցել են ընդգծված թշնամական վերաբերմունք՝ Թուրքիայի և Գերմանիայի, անգամ, կարելի է ասել, նրանց իրավանախորդների՝ Օսմանյան և Գերմանական կայսրությունների նկատմամբ:

Հետևաբար՝ առաջին հայացքից աջ ծայրահեղ պահպանողական, ռասիստական գաղափարախոսությամբ տոգորված ֆանատիկների նպատակը կարող էր լինել նաև ամբողջ աշխարհում երկու քաղաքակրթությունների միջև նոր հակամարտություն հրահրելը, որը որոշակի հաջողություն կարող է արձանագրել մի շարք երկրների որոշ հասարակական շերտերում, որտեղ դեռևս բավական ազդեցիկ են իսլամական ծայրահեղ արմատական գաղափարները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով, քանի որ դեռևս գործի հետաքննության վերաբերյալ չկան բավարար տվյալներ՝ դժվար է միանշանակ գնահատականներ տալ, չի բացառվում, որ նախաձեռնողի մոտ հոգեկան որոշակի շեղումներ լինեն:

Ինչ վերաբերում է հայկական գրությանը, արաբագետը նկատեց. «Այս գործողությունը Թուրքիայում միանշանակ օգտագործվելու է քարոզչական նպատակներով, հնարավոր է՝ նաև Ադրբեջանում: Քանի որ Թուրքիայում նախընտրական շրջան է, իշխանությունները մուսուլմանական աշխարհի դեմ ուղղված այս գործողությունը կարող են որպես հաղթաթուղթ օգտագործել իրենց նեղ նպատակների համար:

Թուրքիայում վերջին շրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման մտահոգիչ միտումներ են արձանագրվել, որի հարցում մեղադրանքի հիմնական վեկտորը հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների կողմից ուղղվում է դեպի երկրի բարձրագույն իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքական ուղեգծերը։ Իսկ ադրբեջանական քարոզչությունը, հաշվի առնելով դրա անհիմն և անտրամաբանական բնույթը, հնարավոր է՝ խորհրդանշական այդ գրությունների հանգամանքն օգտագործի հակահայկական քարոզչության հերթական դրսևորումների առումով․ համենայն դեպս, կանխատեսումս պատմությամբ ապացուցված փորձի արդյունք է»:

Արմեն Պետրոսյանը շեշտեց՝ քանի որ գործողությունն ունի ակնհայտ հակամուսուլմանական դրսևորում, և նաև Հայաստանի բարեկամ մի շարք մուսուլմանական երկրներ իրենց արձագանքներում ահաբեկչական հարձակումը գնահատել են հենց այդ համատեքստում, ապա կարծում է՝ առավել արդյունավետ կլինի, որ ՀՀ իշխանության ցավակցական ուղերձներում ոչ միայն՝ Նոր Զելանդիային, այլև՝  մուսուլմանական աշխարհին ուղղված շեշտադրումներ տեղ գտնեն:

Անի Կարապետյան

 

Տեսանյութեր

Լրահոս