Հայաստանի ծանրակշիռ հարկատուները

Սովորաբար ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը մի քանի օրով է հայտնվում բոլորիս ուշադրության կենտրոնում: Բոլորս արագ-արագ պարզում ենք՝ ինչ տեղաշարժեր են եղել առաջին տասնյակում: Հետո փորձում ենք բացատրել տեղաշարժերի պատճառը, ու վերջ: Հետաքրքրության հաջորդ ալիքը գալիս է ուղիղ մեկ եռամսյակ պարբերականությամբ:

Մինչդեռ այս ցանկը բավական իրատեսական պատկերներ է ձևավորում, որոնք արժանի են հասարակական հետաքրքրության: Օրինակ, կարելի է նկատել, որ խոշոր հարկատուների ցուցակում կա 14 բուհ և բազում պետական ու ոչ պետական կրթական համալիրներ: Կարելի է դիտարկել, թե ինչ դիրքեր ունեն կրթության օջախներն արտադրական ձեռնարկությունների, բիզնես կենտրոնների ու սովորական մոլերի նկատմամբ: Կարելի է պարզել, թե որ բուհերն են «ամենապահանջվածը»:

Ի վերջո, նաև պարզել, թե մենք՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որքան գումար ենք «մսխում» մեր երեխաներին կրթություն տալու վեհ գործում: Հայաստանի բուհերից ամենախոշոր հարկատուն տարիներ շարունակ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն» է՝ իր մուծած աներևակայելի՝ մոտ 2 մլրդ 621 մլն դրամ (ավելի քան 5 մլն 400 հազար դոլար) հարկերով: Խոշոր հարկատուների ցանկում այդ երկար անունով գրանցված Բժշկական ինստիտուտը 64-րդ տեղում է:

Հաջորդ բուհը հանգրվանել է 94-րդ տեղում` Երևանի պետական համալսարանը, մոտ 1 մլրդ 912 մլն դրամ հարկերով: Դատելով մուծած հարկերից՝ մեր բուհերի առաջին վեցյակում խորհրդային շրջանից հեղինակություն վայելող ինստիտուտներն են: Միակը, որ հետխորհրդային շրջանի բուհ է՝ 1 մլն 18 մլն դրամ հարկեր մուծած Հայաստանի Ամերիկյան համալսարանն է` 153-րդ հարկատու: Ապա 191-րդ տեղում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ն է (հարկերը` 872 մլն դրամ):

Այնուհետ` «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական» հիմնադրամը (201-րդ տեղ և 827 մլն դրամ մուծված հարկ): Վեցյակում հարկատուների մեջ գրաված 205-րդ տեղով և 803 մլն մուծումով՝ «Խ. Աբովյանի անվ. Հայկական մանկավարժական համալսարան» հիմնադրամն է: Տեղին է ասել, որ Երևանի մետրոպոլիտենն իր մուծած հարկերի քանակով Պոլիտեխնիկի ու Մանկավարժականի արանքում է:

Սա՝ որպես մասշտաբի յուրատեսակ չափորոշիչ, ավելի պարզ դարձնելու համար, թե որքան ծանրակշիռ դիրք ունեն մեր բուհերը խոշոր հարկատուների ցուցակում: Ցուցակում համարյա բոլորը կան, թե հները` Ագրարային, Ճարտարապետական, Լեզվա-հասարակագիտական (պարզ ասած՝ Բրյուսովը), Գյումրիի և Վանաձորի մանկավարժականները, թե նորերը` Հայ-ռուսական ու Ֆրանսիական համալսարանները:

Պարզապես հիշեցնենք, որ հին ու նոր համալսարաններն այս հարկերը մուծում են ուսանողների վճարած կրթավարձերից: Այսինքն՝ այն փաստը, որ Հայաստանի 14 խոշոր բուհերը միասին 2018թ. մոտ 22 մլն 90 հազար դոլարին համարժեք հարկեր են մուծել, դա մեր երեխաների վճարած կրթավարձերի հաշվին է: «Շա՞տ է սա, թե՞ քիչ» հարցի պատասխանը պետք է փնտրել համեմատությունների մեջ:

Օրինակ, կարելի է պետբյուջեի որևէ թվականի օրենքում կարդալ, որ «Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ երկար ու համարյա անծանոթ անվան տակ՝ հարազատ Մատենադարանին պետբյուջեից 500-600 մլն դրամ է հատկացվել: Կարդալ կարելի է, բայց այդ փաստով ուրախանալ պետք չէ: Որովհետև, ասենք, 2018թ. 1000 խոշոր հարկատուների ցանկից կիմանաք, որ Մատենադարանը 211-րդ հարկատուն է և ավելի մեծ թվով հարկեր է մուծել, քան ստացել է պետական աջակցություն:  Ճիշտ այնպես, ինչպես բուհերի պարագային: Մատենադարանը մոտ 1 մլն 630 հազար դոլարին համարժեք դրամ է մուծել պետբյուջե: Այսինքն՝ որքան էլ խոսենք կոռուպցիայի բացակայությունից, ՀԴՄ կտրոնների առատությունից, միևնույն պատկերն է` ոչ առևտրական կազմակերպությունները շատ ավելի ծանրակշիռ հարկատուներ են, քան բուն առևտրական կազմակերպությունները:

Օրինակ, Մատենադարանի 211-րդ տեղի և 1,6 մլն դոլարը գերազանցող հարկային մուտքերի դիմաց՝ «Երևան մոլը» խոշոր հարկատուների ցանկում 347-րդն է, մոտ 940 հազար դոլարի համարժեք մուծումով: Իհարկե, կարելի է չարախնդալ, որ դա բնական է: Նույնիսկ կարելի է ավելին ասել` դա շատ բնական է: Որովհետև մենք՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ ավելի մեծ սպասելիքներ ունենք Մատենադարանից, քան զիզի-բիզի անուններով մոլերից:

Իսկ դա նշանակում է, որ հարկահանության կոշտ ձեռքով պիտի ավելի մեծ հարկեր հավաքենք գիտական ու կրթական հիմնարկներից, քան բիզնես ու առևտրական կառույցներից: Ի վերջո, գիտակրթական ու մշակութային հիմնարկությունների ո՛չ ղեկավարությունը, ո՛չ իրավահաշվապահական կադրերը հարկեր թաքցնելու հմտությամբ չեն կարող մրցակցել բիզնես-առևտրական կառույցների սեփականատերերի, մենեջերների և իրավահաշվապահական կադրերի հետ:

Ավելին, նույնիսկ հարկային մարմինների աշխատակիցների հետ չեն կարող մրցակցել: Էդ երևի գիտնականների ու այլ մտավորականների համար է ասված` «Մուծեք հարկերը և հանգիստ քնեք»: Բացատրել էր պետք:

Տեսանյութեր

Լրահոս