«ԱԳ նախարարն արդեն հրավիրվել է ԱԺ». ԱԺ խմբակցությունները՝ Աշոտյանի առաջարկի մասին

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդես է եկել առաջարկով, որ Ազգային ժողովը նախաձեռնի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլին վերաբերող խորհրդարանական լսումներ:

«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ անձամբ ԱԺ նախագահը (ԱԺ կանոնակարգ, հոդված 5, 2-րդ մաս, կետ 17):

Մասնակիցների հնարավորինս լայն, քաղաքական և վերլուծական շրջանակների ընդգրկմամբ լսումները շատ արդյունավետ կարող են լինել Հայաստանի քաղաքական դաշտի մեկտեղման համար Արցախյան հարցի շուրջ, օգտակար կլինեն նաև ներկայիս ԱԺ պատգամավորների համար, որոնց ճնշող մեծամասնությունը չի տիրապետում խնդրին պատեհ մակարդակով, և կարող են ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումից առաջ»,- գրել է Աշոտյանը:

168.am-ը խորհրդարանական խմբակցություններից հետաքրքրվեց՝ կա՞ նման լսումների անհրաժեշտություն:

Կարդացեք նաև

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց, որ, անկախ նրանից, թե ով է այդ առաջարկի հեղինակը, այն կքննարկեն, և եթե նպատակահարմար լինի, այդ լսումները կանեն:

«Բայց սովորաբար լսումները մեր հասարակության հետ շփվելու միջոց է: Ես չեմ կարծում, որ այսօր մեր հասարակությունը խնդիր ունի հասկանալու ՀՀ ռազմավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված: Իսկ լսումները լավագույն միջոց չեն արտաքին աշխարհին կամ միջազգային հանրությանը դիմելու համար»,- հավելեց Հ. Իգիթյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս նպատակահարմար չի համարում այս խնդրով լսումների անցկացումը.

«Չգիտեմ, չեմ կարծում, թե ներկայումս կարիք կա: Եթե կարիք լինի, մենք կառաջարկենք: Բայց որքան տեղյակ եմ՝ ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նախատեսվում է փակ ֆորմատով հանդիպում: Լսումների ֆորմատը բաց է: Չգիտեմ՝ արդյոք նպատակահարմա՞ր է այդ հարցը բաց ֆորմատով քննարկել»:

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀ) խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ լսումներ անցկացնելու վերաբերյալ հարց խմբակցությունում չեն քննարկել, սակայն նախատեսում են ԲՀ պատգամավորների հանդիպում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

«Մենք պաշտոնական նամակով ԱԺ ԲՀ խմբակցության նիստին հրավիրել ենք արտաքին գործերի նախարարին: Հանդիպման օրը կճշտվի: Այս փուլում մենք կփորձենք լսել նախարարին՝ թե՛ Արցախի, թե՛ նաև մեր արտաքին քաղաքական օրակարգի մի շարք առանցքային խնդիրներ քննարկելու, լսելու իր տեսակետները և ստանալու մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Խմբակցությունում խորհրդարանական լսումների հարց չի քննարկվել»:

Տեսանյութեր

Լրահոս