Բաժիններ՝

«Սպասելու ժամանակ չկա». «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները սպասում են ԱԺ որոշմանը

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Այն վաղը՝ մարտի 13-ին, կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում:

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն մեքենաները, որոնց ձեռքբերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, երկրի տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը: Արդեն կա նաև մեքենաների թվաբանական պատկերը՝ շուրջ 840:

Պատգամավորներից մեկի հարցին՝ նպատակահարմար չէ՞ այդ ժամկետը երկարացնել, քանի որ ներմուծվող մեքենաների մի մասը արտահանվում են ԵԱՏՄ երկրներ, հարցի հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը պատասխանել է, որ չափելի չէ, թե այդ մեքենաներից ո՞ր մասը կմնա Հայաստանում կամ կարտահանվի ԵԱՏՄ երկրներ:

168.am-ը «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներից հետաքրքրվեց՝ մայիսի 1-ին նրանք կհասցնե՞ն մեքենաները բերել ու փակել այս հարցը: Դավիթ Գասպարյանն ասաց՝ կախված է նրանից, թե ե՞րբ կթույլատրեն մեքենաների մուտքը:

«Եթե վաղը թույլատրեն՝ բավարար ժամանակ կա մինչև մայիսի 1-ը»,- նշեց Դավիթ Գասպարյանը:

Նախաձեռնության անդամներից Զորիկ Իգիթյանն էլ նշեց, որ կապ ունի այն, թե երբ իրենց կթույլատրեն ներմուծել մեքենաները:

«Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ է հրավիրել, ենթադրենք՝ որոշումը ընդունվեց, սրան որոշակի ընթացակարգ է հետևում: Եթե այն շատ կարճ՝ 2-3 օրվա ընթացքում արվի՝ կհասցնենք, եթե երկարեց՝ չենք հասցնի: Հույս ունենք, որ արագ կարվի, որովհետև սպասելու ժամանակ չկա»,- նկատեց Զորիկ Իգիթյանը:

Ինչ վերաբերում է աջ ղեկով մեքենաները հիմնականում վաճառքի նպատակով ԵԱՏՄ երկրներ արտահանելուն՝ Զորիկ Իգիթյանն ասաց, որ ԵԱՏՄ երկրներ չեն վաճառելու, բոլոր մեքենաները լինելու են հայկական համարանիշերով:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հայտնեցին նաև, որ այս պահին սահմանում են, գնացել են Բագրատաշենի մաքսակետ՝ կանոնակարգելու մեքենաների դուրսբերումը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս