Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ հարուցված գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ
Մարտի 3-ին Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջադեպի առթիվ հարուցված գործով խափանման միջոց է ընտրվել ևս երկու անձի նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Մարտի 3-ին Ամիրյան փողոցում գրանցված միջադեպից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Արամայիս Պետրոսյանն ու Գարիկ Միսկարյանը, որոնց նկատմամբ առևանգում կատարելու կասկածանքով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,-նշեց Արևիկ Խաչատրյանը։
Գործի շրջանակում նույն խափանման միջոցն է ընտրվել նաև քաղաքացի Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ։
Երևան քաղաքի Ամիրյան փողոցում «Ռեստարտ» նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ: Նարեկ Մալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր վրա հարձակվել էին «Ռեստարտ» նախաձեռնության մի խումբ անդամներ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:
«Ռեստարտ» անդամների հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես մի քանի երիտասարդ գետնից բարձրացրել են Նարեկ Մալյանին և նրան տեղափոխում են մի քանի տասնյակ մետր: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ դատապարտել էր Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու ցանկացած փորձ: Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Բոլոր նրանք, ովքեր նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի»,- գրել էր Փաշինյանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին (կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):