ՀՀ-ն մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հետագա խորացմանը. Մհեր Գրիգորյանն ընդունել է Լին Թրեյսիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Բարձր գնահատելով ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հետագա խորացմանը և զարգացմանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Կառավարության ծրագրի առաջնայնությունները և կարևորել նախանշված բարեփոխումների իրականացման գործում Հայաստանին աջակցող գործընկերների հետ համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է. «Պարո՛ն Գրիգորյան, վստահ եմ, որ Ձեզ հետ իմ այսօրվա հանդիպմամբ սկիզբ է առնում շիտակ, բաց և արդյունավետ երկխոսության մի շարք, որը թույլ կտա Հայաստանին և Միացյալ Նահանգներին կառուցել գործընկերության ու համագործակցության առավել ամուր կապեր»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելու հնարավորությունների և հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս