ԱՄՆ-ը 2024 թվականին կարող է նավթի արտահանմամբ առաջ անցնել ՌԴ-ից. էներգետիկայի միջազգային գործակալություն
ԱՄՆ-ը 2021 թվականին կդառնա նավթի եւ եւ նավթամթերքների զուտ արտահանող, իսկ 2024 թվականին կարող է մտնել աշխարհում նավթի խոշորագույն արտահանողների շարքը՝ առաջ անցնելով Ռուսաստանից եւ ընդհուպ մոտենալով Սաուդյան Արաբիային: Այս կանխատեսումն արել է էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ):
«ԱՄՆ-ը միջնաժամկետ հեռանկարում նավթի շուկայում գերակշռող կմնա առաջարկի աճի հարցում: 2018 թվականին աննախադեպ աճից անմիջապես հետո, երբ հեղուկ ածխաջրածինների ընդհանուր հանույթն ավելացել է օրական 2,2 միլիոն բարելով, մինչեւ 2024 թվականը Միացյալ Նահանգներին բաժին կընկնի աշխարհում արտադրական կարողությունների աճի շուրջ 70 տոկոսը՝ հավելելով ընդհանուր առմամբ օրական 4 միլիոն բարել»,- գրում է ԷՄԳ-ն նավթի շուկայի վերաբերյալ Oil 2019 զեկույցում (մինչեւ 2024 թվականի կանխատեսումը): «Հանույթի նման աճի շնորհիվ ԱՄՆ-ը 2021 թվականին կդառնա նավթի եւ նավթամթերքների զուտ արտահանող»,- հավելել է գործակալությունը:
«Եվ եթե բոլոր հայտարարված արտահանական նախագծերն ի վերջո գործարկվեն, ապա ԱՄՆ-ը կկարողանա 2024 թվականին օրական արտահանել մինչեւ 8,4 միլիոն բարել նավթ: Դա ԱՄՆ-ին կդարձնի նավթի խոշորագույն համախառն արտահանողներից մեկն արտահանական կարողությունների տեսակետից՝ Սաուդյան Արաբիային հավասար եւ առաջ անցնելով Ռուսաստանից, նույնիսկ չնայած այն բանին, որ զուտ արահանումը կմնա շատ ավելի քիչ, քան այդ երկրներում»,- ընդգծում է ԷՄԳ-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: