Հարավային Կորեայի նախկին նախագահ Չոն Դու Հվանին երկու տարվա բանտարկություն է սպառնում զրպարտության համար. YTN
Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Չոն Դու Հվանը, որը բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցրել է 1980-ից մինչեւ 1988 թվականը, մարտի 11-ին դատարանի առջեւ է կանգնել զրպարտության մեղադրանքով։
ԻՆչպես նշում է YTN հեռուստաալիքը, 88-ամյա նախկին քաղաքական գործիչը, որը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ, ավելի վաղ անտեսում էր իրեն ուղարկվող ծանուցագրերը եւ որոշել է Քվանջու քաղաքի դատարան ներկայանալ միայն այն բանից հետո, երբ նրան սպառնացել են հարկադրաբար բերման ենթարկել: Դատաքննության պատճառ են դարձել Չոն Դու Հվանի հուշագրությունները, որոնցում նա արծարծել է 1980 թվականին Քվանջուում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, երբ այնտեղ դաժանաբար ճնշվեց քաղաքացիների ապստամբությունը, որոնք ժողովրդավարական վերափոխումներ էին պահանջում:
Գրքում նախկին նախագահը այդ շարժման ակտիվիստներից մեկին՝ ներկայում հանգուցյալ հոգեւորական Չո Չուլ Հյոնին, «մարդու դիմակ կրող սատանա» եւ «անամոթ ստախոս» է անվանել կյանքի օրոք արած այն հայտարարությունների համար, որ զինվորականներն ուղղաթիռներից գնդացիրներով գնդակոծել են ցուցարարներին:
Նախկին նախագահը կտրականապես ժխտում է, որ նման իրադարձություններ են եղել: 2017 թվականին հուշագրությունների հրապարակումից հետո հանգուցյալ հոգեւորականի եղբայրը Չոն Դու Հվանին դատի է տվել զրպարտության համար: Այն դեպքում, եթե նրան մեղավոր ճանաչեն, նախկին նախագահին սպառնում է երկու տարվա բանտարկություն կամ տուգանք՝ մինչեւ 5 մլն յուանի (4,4 հազար դոլար) չափով:
Դատարանում նա հայտնվել է իր կնոջ ու փաստաբանի ուղեկցությամբ: Ապստամբության ճնշման հանգամանքների բացահայտման հատուկ կառավարական հանձնաժողովն անցյալ տարի եկել է այն եզրակացության, որ զինվորականները, այնուամենայնիվ, ուղղաթիռից գնդակոծել են ցույցերի մասնակիցներին: Այդ մասին վկայում են բանակային հրամանատարության արխիվներում հայտնաբերված կարգադրությունները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի դեսպանության՝ Վաշինգտոն ուղարկված այն ժամանակվա հեռագրերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: