ՊՈԱԿ-ների միավորման հետ կապված տնօրենների և անձնակազմի կարծիքները համընկնում են. Հակադարձում են Նազենի Ղարիբյանին
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ եթե ՊՈԱԿ-ների տնօրենները դեմ են արտահայտվում դրանց միավորմանը, ապա դա չի նշանակում, որ նրանց կարծիքը կարող է արտահայտել ամբողջ անձնակազմի տեսակետը։
«Այս պահին, այո՛, կան ՊՈԱԿ-ներ, որտեղ միավորումից գոհ են ոչ միայն տնօրենները, այլև անձնակազմը, բայց չեմ ասի, թե ով է»,- ասել էր Նազենի Ղարիբյանը։
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ն. Ղարիբյանի վերոնշյալ հայտարարությանը, նկատեց՝ թատրոնի և անձնակազմի տեսակետներն այդ հարցում չեն կարող չհամընկնել, երբ խոսում են թատրոնը լուծարելու կամ միավորելու մասին, հատկապես այն դեպքում, երբ թատրոնը ծաղկում է ապրում։
«Մենք ղեկավարություն և անձնակազմ չունենք, մենք մեկ ենք, ամբողջական մարմին։ Անձնակազմից բոլորին կարող եք մեկ առ մեկ հարցնել, ավելի քան համոզված եմ, որ նրանք նույն բանն են ասելու»,- ասաց Տաթև Ղազարյանը։
Անդրադառնալով մարտի 4-ին Նազենի Ղարիբյանի և ՊՈԱԿ-ների ղեկավարների հանդիպմանը, դերասանուհին նշեց, որ Նազենի Ղարիբյանն անձնամբ այցելել է իրենց թատրոն, դիտել ներկայացում, հետո զրուցել են, դրանից հետո կրկին հանդիպել են, որին հաջորդել է ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ հանդիպումը։
«Հանդիպումներ կարող է շատ լինեն, կարելի է ամեն օր հանդիպել և զրուցել, բայց մենք կխաղաղվենք այն դեպքում, երբ պետականորեն որոշում լինի, որ այդ՝ մտահղացում ասեմ, թե «սևագիր» կամ թուղթ, չեղյալ է հայտարարվել։ Հանդիպման հետ կապված՝ դեռևս ոչինչ չեմ կարող ասել, որովհետև արդյունք չկա՝ ո՛չ լավ, ո՛չ վատ»,- ասաց դերասանուհին։
Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց թատրոնում նման խնդիր գոյություն չունի, թատրոնն ունի երիտասարդ ու շնորհալի անձնակազմ, որը նաև իր ձեռքերով է է ստեղծել թատրոնը, հետևաբար՝ ինչպես կարող են կողմ լինել այլ թատրոնի հետ միավորմանը։
«Թատրոնում կա սերունդ և վերջին 20 տարվա սերունդ, ինչպես նաև հիմնադիր կազմ, որը հանդիսանում է 30 տարեկան թատրոնի հիմնադիր կազմ։ ՊՈԱԿ-ների միավորման հետ կապված՝ անձնակազմը շատ ակտիվ է եղել, նույնիսկ Ֆեյսբուքում «Կամերային երաժշտական թատրոնը չի փակվելու» ֆլեշմոբ են կազմակերպել, սա կոնկրետ անձնակազմի մասով եմ ասում, ես էլ որպես տնօրեն՝ ներկայացնում եմ նրանց շահերը։ Անձնակազմն իր դիրքորոշումներով և իրավունքների պաշտպանության գործում շատ ակտիվ է»,- նշեց Հռիփսիմե Առաքելյանը։
Խոսելով Նազենի Ղարիբյանի և ՊՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպման մասին, Հռիփսիմե Առաքելյանն ընգծեց, որ հանդիպման ընթացքում Ն. Ղարիբյանը խնդրել է չօգտագործել այն բնորոշիչները, որով բնութագրել են այն թուղթը, որն այսօր գտնվում է կառավարությունում։
«Ասաց, որ կառավարություն ուղարկած թուղթը «սևագիր» տարբերակ է, և որևէ մեկը նպատակ չունի նման լուծումներ տալու, քանի որ հարցը լայն քննարկման առարկա պետք է դառնա։ Նա նաև ասաց, որ այն, ինչ գրված է տեղեկանքում, չի նշանակում, որ բացարձակ իրականություն է։ Այդ հանդիպումից հստակ չպատկերացրեցի՝ այս ամենը կունենա՞ շարունակություն, թե՞ ոչ։
Նա նշեց, որ դա կառավարության առաջադրանքն է, և նմանատիպ առաջադրանքներ գրեթե ամեն օր են ստանում, և, եթե գան եզրակացության, որ պետք է գնան այդ գործընթացներին, ապա այդ ժամանակ կտեղափոխվեն քննարկումների լայն դաշտ, որտեղ արդեն քննարկումը կլինի նաև ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ»,- շեշտեց Ռ. Առաքելյանը։
Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության կողմից կառավարություն ուղարկված տեղեկանքի համաձայն՝ մի շարք ՊՈԱԿ-ներ և մշակույթի հաստատություններ պետք է միավորվեն։
Զվարթ Խաչատրյան