Ատոմ Ջանջուղազյանը մանրամասն ներկայացրեց Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները
Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության նիստում նշեց, որ նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է՝ ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թ. հունվարի 1-ը գործող՝ տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում, 2019 թ. հունվարի 1-ից ինքնազբաղված անձանց հարկման համակարգի շեմը բարձրացնել 9 միլիոն դրամից 24 միլիոն դրամ, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգի շեմը բարձրացնել 18 միլիոն դրամից 24 միլիոն դրամ, 2020 թ. հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը:
Մասնավորապես, առաջարկվում է՝ վերացնել արտոնագրային հարկի համակարգը, ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգ, որի շրջանակներում գործունեություն իրականացնողներն ազատվելու են բոլոր հիմնական հարկերից:
«Հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը: Առաջարկվում է սահմանել նաև, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համակարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Հարկային օրենսգրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջանջուղազյանը:
Նախատեսվում է նաև անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2020 թ. հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թ. աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը, 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից և հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի և IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը, 2020 թ. հունվարի 1-ից ակցիզային հարկով (1 լիտրի համար՝ 30 դրամ) հարկել նաև գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի) և այլն: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ: Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի: Ընդ որում, թեև վերջինս տեղի է ունենում ներդրումների և արտահանման խթանման ճանապարհով, այդուհանդերձ բնակչության կենսամակարդակին առնչվող ցուցանիշները նույնպես բարելավվում են: Մասնավորապես, սպառման աճը գնահատվում է 0.3-0.4 տոկոսային կետի չափով, իսկ զբաղվածության աճը՝ շուրջ 0.5 տոկոսային կետի չափով: