Միհրան Պողոսյանը նոր բիզնես է սկսում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված գեներալ Միհրան Պողոսյանն էկզոտիկ մրգերի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող նոր ընկերություն է ստեղծել:
«Խոսքը «Մրգենի» ՍՊԸ մասին է, որը, ըստ պետական ռեգիստրի, ստեղծվել է 2018թ. հուլիսի 27-ին, իսկ հիմնադիրն է Լեւոն Աթաջանյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մրգենի» ընկերությունը մրգի տեղափոխումը իրականացնում է «Քեթրին գրուպ»-ի մեքենաներով:
Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպին» 25 մլն դրամ պարտքը չվճարելու պատճառով սնանկ ճանաչելու համար վերջերս դատարան էր դիմել միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը:
Այս երեւույթը հայաստանյան իրականության մեջ այլեւս նոր չէ, քանի որ երբ մի ընկերությունը սնանկանում է, ապա սեփականատերը հանձն է առնում նորը բացելու գործը: Համացանցում առկա չեն «Մրգենի» ընկերության կոնտակտները, հետեւաբար այս տեղեկությունները ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Քեթրին գրուպ»-ի հետ, սակայն մեր հեռախոսազանգերը անպատասխան մնացին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: