«Եթե հեղափոխությունից հետո մշակույթին այսպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվեր՝ այդ հեղափոխությունը գրոշ անգամ չարժե». Համազգային թատրոնի դերասան
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանի խոսքով, եթե ՊՈԱԿ-ները լուծարելու վերաբերյալ փաստաթուղթն ընդունվի, ապա ինքն այն կորակի հանցագործ, հակամշակութային որոշում։
«Եթե հեղափոխությունից հետո մշակույթին այսպիսի վերաբերմունք պետք է ցուցաբերվեր, ապա կարծում եմ՝ այդ հեղափոխությունը գրոշ անգամ չարժե, որովհետև ինչի՞ համար արժեր անել հեղափոխություն, եթե պետք է ցուցաբերվեր նման վերաբերմունք»,- ասաց դերասանը։
Ըստ նրա, եթե նույնիսկ Մշակույթի նախարարության կողմից Կառավարություն ուղարկած փաստաթուղթը «սևագիր» է, ապա այն արդեն «հիմարություն է», խնդիր, ինչը նշանակում է, որ, ի դեմս Մշակույթի նախարարության աշխատակիցների՝ գործ ունեն դիլետանտ մարդկանց հետ։
«Այս իմաստով ուրախ եմ, որ այդ նախարարությունն օպտիմալացվում է, քանի որ նման նախարարություն մեզ իսկապես պետք չէ։ Չնայած ի սկզբանե մտածում էի, որպես մշակութային երկիր՝ մեզ անհրաժեշտ է այդ Մշակույթի նախարարությունը, որը պետք է լիներ սուպեր նախարարություն, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ»,- շեշտեց Կարեն Խաչատրյանը։
Նա ընդգծեց, որ, եթե թատրոնների համար գումար չկա, ապա նախկինում ներկայիս իշխանությունները հայտարարում էին, որ տնտեսության 30 տոկոսը ստվերում է, հեղափոխությունից հետո նրանց ոչինչ չի խանգարում այդ գումարները վերադարձնել:
«Կամ, որ փողի վրա այդքան դողում են, ինչո՞ւ չեն դողում մարզպետների բարձր պարգևատրումների վրա»,- նշեց դերասանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան