
Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի գրող եւ կինոդրամատուրգ Կիմ Նաումի Բակշիի մահվան մասին:
Կիմ Նաումի Բակշին մեծատառով մարդ էր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամը, նրա մշակույթի եւ պատմության մեծ երկրպագուն, ով շատ բան է արել ռուս-հայկական եղբայրական հարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ:
Կիմ Բակշին հատուկ վերաբերմունք ուներ Արցախի նկատմամբ, որի հետ նա կապված էր բարեկամության ու հարգանքի խոր զգացումներով: Նա Արցախի պատմության եւ մշակույթի վերաբերյալ մի շարք արժեքավոր աշխատությունների հեղինակ է, ակտիվ աշխատանք էր տանում մեր երկիրն աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելու ուղղությամբ:
Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատել Կիմ Բակշիի գործունեությունը՝ նրան պարգեւատրելով <<Երախտագիտություն>> մեդալով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կիմ Նաումիի բոլոր հարազատներին ու մերձավորներին ծանր կորստի կապակցությամբ:
Այս ազնիվ եւ արժանապատիվ մարդու պայծառ հիշատակը, ով վայելում էր բոլոր նրանց հարգանքն ու սերը, ում հետ շփվել ու աշխատել է, հավերժ կմնա մեր սրտերում»: