ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքի մասին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը՝ 50-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Ավելի վաղ տեղեկացել էինք, որ 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Զ.Սարկավագի փողոցի՝ 1977թ. ծնված բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն փողոցի՝ 1969 թվականին ծնված բնակչի հետ, որի ժամանակ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենով կրակոցներ է արձակել 50-ամյա տղամարդու ուղղությամբ, որի արդյունքում վերջինս ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մարտի 4-ի երեկոյան 1977 թվականին ծնված տղամարդն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմին, ներկայացրել հանցագործության գործիք հրազենը: Վերջինս ձերբակալվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: