Արտաքին քաղաքականությունը՝ Նիկոլ Փաշինյանի  վարչապետության «աքիլեսյան գարշապար». Աշոտյան

«Դիվանագիորեն քողարկելով ՀԱՊԿ-ում առաջացած սկանդալը,  ոչինչ չասող նախադասությունների հետևում 2018 թվականի հաշվետվության մեջ չենք գտնի խոստովանություն, որ ներքին քաղաքական գործընթացներն արտաքին դաշտ տեղափոխելու հետևանքով ապիկար քաղաքական կուրս որդեգրելու հետևանքով Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Իրականությանը համապատասխանող այս ձևակերպումը հաշվետվության մեջ չկա»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Կառավարության 2018 թվականի հաշվետվությանը։

Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանը նախագահությունը ստանձնելուց հետո, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ հայ-ռուսական հարաբերություններն աննախադեպ են, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը չստացավ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ըստ նրա, հայ-ռուսական համագործակցության ոլորտում կան նաև այլ խնդիրներ, որոնց մասին գործող իշխանությունները գերադասում են լռել։

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, Արմեն Աշոտյանը նկատեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները չեն իրականացրել որևէ բարեփոխում, որը պարտավոր էին իրականացնել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի շրջանակներում։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ 2018 թվականի հունիսի 1-ից անցումային ուժ ստացած այս համաձայնագրով նախատեսված և ոչ մի բարեփոխում չի իրականացվել առ այսօր։ Այս ամենի վառ ապացույցն այն է, որ անգամ շարադրությունների մրցույթում հաղթող այդ հաշվետվության մեջ չկա որևէ հիշատակում իրականացված որևէ բարեփոխման մասին»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարությունն ուներ պարտավորություն՝ որպես Կառավարության որոշում՝ հաստատելու Հայաստան-ԵՄ համագործակցության ծրագրից բխող գործողությունների հերթականությունը։

«Ինչպես դիվանագիտորեն ակնարկեց ԵՄ դեսպանը, այս ծրագիրը, որը նախատեսված է եղել Բրյուսելի հետ համաձայնեցնել դեռ նախորդ տարի, Բրյուսելում է, և եվրոպացի փորձագետները փորձում են մեր նախարարությունների փոխարեն աշխատել այդ ծրագրի վրա, որպեսզի այն ստանա վերջնական ընդունելի տեսք, և միայն մարտի վերջին ԵՄ-ն կտա իր պաշտոնական համաձայնությունը ներկայացված նախագծին։ Ըստ ամենայնի, ակնկալվում է, որ գոնե ապրիլին կբարեհաճի հաստատել այս կարևորագույն որոշումը։ Դանդաղել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, այդ գործընթացը դանդաղել է այն աստիճանի, որ գործող իշխանությունները՝ ի դեմս ԱԺ նորընտիր նախագահի, ընդունում են իմ մեղադրանքներն ու քննադատությունները և հաստատում, որ 2019 թվականի ընթացքում այդ համաձայնագիրը չի վավերացվի»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ հատկանշական է, որ այս օրերին մեկնարկել է վարչապետի պաշտոնական այցը Բրյուսել, որի ծրագրում, որպես  քաղաքական հետևանք՝ որևէ առաջընթաց չկա։

«Գլոբալ առումով ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը եղել է և մնում է իր վարչապետության «աքիլեսյան գարշապարը»»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս