«Մենք պակաս ջուր չունենք, ունենք պակաս ուղեղներ». Հրաչ Բերբերյանը հորդորում է շտապ լուծել ջրամբարների ու հէկ-ի հարցը
«Ագրագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանին զարմացնում է Կառավարության անտրամաբանական քայլերը, օրինակ՝ ինչո՞ւ է Կառավարությունը գյուղացու համար կառուցված ջրամբարը վերցրել ու տվել Էներգետիկայի նախարարությանը։
«Սա միտումնավոր արված քայլ է, որ բոլոր հէկ-երը ջրամբարների միջոցով պահպանվեն, սրա հետևում կանգնած են լուրջ մարդիկ, որոնք փող են ներդրել և ամեն օր փող են լվանում, քանի որ Դատախազության ստուգումներից հետո իմացանք, որ 150 հէկ աշխատել է խախտումներով։ Այս մասին զեկուցեցին վարչապետին, ի՞նչ արեցին՝ ոչինչ։
Այսինքն՝ նրանք այնքան հզոր մարդիկ են, որ այն աստիճանի հասցրեցին, որ ջրային տնտեսությունը Գյուղատնտեսության նախարարությունից հանեցին ու տարան էներգետիկայի ոլորտ: Այ մարդ, դրանք իրար հետ ի՞նչ կապ ունեն»,- նշեց Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսությանն ուղղված Կառավարության քայլերին։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ այն միլիարդները, որոնք ջրամբարները ստանում էին գյուղացու անվան տակ՝ Համաշխարհային բանկից ու ԵՄ-ից՝ անհետացա՞ն։
«Դե հիմա թող գնան ու հէկ-ի համար վարկ ուզեն, տեսնենք՝ կտա՞ն, գյուղացու համար տալիս էին, մսխեցի՞ն այս վարկերը։ Կարծում եմ՝ հէկ-ի ու ջրամբարների հարցն այս տարի պետք է լուծեն, հակառակ դեպքում կրկին Սևանից ջուր կվերցնեն, «Գյուլնազ տատու» հեքիաթները կպատմեն, թե՝ տեսեք, ջուրն ավելացավ կամ պակասեց։ Բայց հո գիտենք, որ մենք պակաս ջուր չունենք, ունենք պակաս ուղեղներ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է գարնանացանին, Հրաչ Բերբերյանը նկատեց՝ այսօր որևէ բան չի արվում, որպեսզի ցանքատարածություններն ավելանան։
Նրա տվյալներով՝ նախորդ տարի 3000 հեկտարով նվազել են՝ լոլիկի, և 3,5 հազար հեկտարով՝ կարտոֆիլի ցանքատարածությունները։ Գյուղացին ունի որակյալ սերմացուի կարիք։
«Գյուղացին չի կարողանում ստանալ այդ «հեքիաթ» վարկերից։ Հազար անգամ ասել ենք, գյուղացու անվան տակ գումար մի «լափեք», որ այս օրը չընկնենք»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Զվարթ Խաչատրյան



