Նատալիա Օրեյրոն երևանյան համերգին կներկայանա տարբեր կերպարներով
«Վայրի հրեշտակը» սիրված հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն երևանյան մենահամերգին վեց անգամ փոխելու է հագուստը: Նա ներկայանալու է գալակտիկայի թագուհու կերպարով, ով կորցնում է այն և նորը փնտրում: Ըստ բեմադրության` Օրեյրոն իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այնտեղ:
Հայաստանում երգչուհու մենահամերգը տեղի կունենա ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Լինելով ուրուգվայցի՝ մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը նշել է Օրեյրոն:
Երգչուհին հայաստանյան բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Բեմում տեղադրված էկրաններին կցուցադրվեն հատուկ այդ շոուի համար ստեղծված տեսապատկերներ: Կներկայացվեն երգեր Օրեյրոյի երեք սկավառակներից: Հնչելու են Cambio dolor, Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor, United by love և այլ գործեր: