«Կարս քաղաքում քանդված շինությունը Չարենցի տունը չէ». գրականագետը գրեթե համոզված է
Արևմտյան Հայաստան ճամփորդություններ կազմակերպող տուրիստական կազմակերպություններից մեկի տարածած տեղեկության համաձայն՝ Կարս քաղաքում դեռևս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։
Գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով՝ դա բանաստեղծի տունը չի կարող լինել:
«Երբ Կարսում էինք, մեզ տարան երկու տուն ցույց տվեցին ու ենթադրաբար ասում էին, որ սրանցից մեկն է Չարենցի տունը, բայց ասեմ, որ դրանից ոչ մեկն էլ նրա տունը չէր: Չարենցն իր տան տեղը, տեսեք, թե ինչպես է նկարագրում. «Մենք ապրում էինք Վարդանի կամրջի մոտերքը, բերդի տակ և տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը և այնտեղից կնայենք հորդած ջրերին»: Եղբոր հետ իրենց տնից իջել են, Կարս գետին են վերևից նայել: Ուրեմն, Չարենցի տունը գետի ոչ թե այս, այլ այն ափին է՝ Վարդանի կամրջի մոտ: Ավելին՝ նրա ընկերներից մեկի հուշերում էլ գրված է. «Եղիշեն ապրում էր բերդի ստորոտին»: Այսինքն, այն, ինչ քանդել են, պարզ չէ՝ Չարենցի տո՞ւնն է, թե՞ ոչ, ավելի շուտ՝ նրա տունը լինել չէր կարող: Առաջարկում եմ ճիշտ տունը գտնել, նորոգել ու դարձնել թանգարան: Դժվար բան չէ. հասցեներ կան, արխիվ կա: Եթե ցանկանան՝ մեկ օրում կգտնեն: Պետք է անպայման դիմենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետը՝ հորդորելով պետական գրություններ ուղարկել ոչ միայն այս, այլև շատ այլ հայկական պատմական հուշարձանների մասով:
«Մեր դարավոր ոսոխն է, բայց իրենց շահի համար կընդառաջեն: Հայ զբոսաշրջիկներ շատ են գնում»,- հավելեց նա:
«Պարոն Գասպարյանի նկարագրածն այսօր չի պահպանվել, Կարսի բերդի տակի եղած ամբողջ տները քանդված են հիմնահատակ: 1990-ական թվականների վերջերից Կարսի բնակեցումն արագ տեմպերով է ընթացել, քանի որ մինչ այդ մտածում էին, թե գուցե հողերի վերադարձի խնդիր լինի, հետո տեսան, որ հարցը փակված է՝ տեմպերով սկսեցին շինարարությունը: Ինչ վերաբերում է քանդված տանը, ապա այն շատ է վնասվել: Քանդվել են նաև կողքի մասերը, բայց ճակատային հատվածը պահպանված է»,- նկատեց պատմաբան Էդիկ Մինասյանը:
Խոսելով այս տունը վաճառելուց՝ պատմաբանը նշեց, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ վերջերս եղել է խոսակցություն, որ հայի չպետք է վաճառեն, կարող է քուրդը գալ, գնել, բայց հետո փոշմանել են:
168.am-ի հարցին՝ ինչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի փորձել կամ ցանկություն չի հայտնել բանաստեղծի տան կոնկրետ հասցեն պարզել, եթե այդքան հեշտ է, գրականագետ Դավիթ Գասպարյանը պատասխանեց.
«Իրենք եթե ցանկանան՝ մեկ օրում կգտնեն, իսկ մերոնք չեն դիմել, քանի որ պետական աջակցություն է անհրաժեշտ»:
Անի Կարապետյան