Բաժիններ՝

«Արսենալ»-«Բորնմութ». «Արսենալի» պայքարը 4-րդ հորիզոնականի համար

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի առաջնության նախորդ տուրում բարելավեց իր դիրքը մրցաշարային աղյուսակում: «Բորնմութի» հետ խաղում հաղթանակն Ունայի Էմերիի թիմին էլ ավելի կմոտեցնի բաղձալի 4-րդ հորիզոնականին:

«Արսենալ»

«Բորնմութի» հետ խաղին լոնդոնցիները մոտենում են «Սաութհեմփթոնի» նկատմամբ տոնած վստահ հաղթանակով: Այդ խաղում  գոլերի հեղինակ դարձան Ալեքսանդր Լակազետն ու Հենրիխ Մխիթարյանը:

Ունայի Էմերիի սաների համար սա 4-րդ հաղթանակն էր՝ վերջին 5 խաղերում: «Սաութհեմփթոնից» բացի, «Արսենալը» 2:0 հաշվով հաղթել է նաև «Չելսիին», իսկ «Քարդիֆ Սիթիին» և «Հադերսֆիլդին»՝ 2:1 հաշվով:

Կարդացեք նաև

Այս ընթացքում լոնդոնյան ակումբը պարտություն է կրել միայն «Մանչեսթեր Սիթիից» (1:3):

Այս հաղթանակները թույլ տվեցին «Արսենալին» բարձրանալ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: Այս հորիզոնականի համար  Անգլիայում հիմա շատ համառ պայքար է: «Արսենալին» մեկ միավոր զիջում է «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ երեք միավոր՝ «Չելսին»:

««Արսենալը» կմնա թոփ-4-ում, եթե հաղթի «Բորնմութին»: Մենք պետք է հետևողական լինենք առաջնության բոլոր 38 խաղերում: Մենք պետք է խաղանք «Բորնմութի» հետ՝ մտածելով միայն 3 միավորի մասին»,- խաղից առաջ նշել է Ունայի Էմերին:

Լոնդոնյան ակումբի կազմում վնասվածքներ ունեն Հեկտոր Բելերինը, Ռոբ Հոլդինգը և Դենի Ուելբեքը: Հարցականի տակ է Շտեֆան Լիխտշտայների, Ալեքս Իվոբիի և Էյնսլի Մեյթլենդ-Նայլսի մասնակցությունը:

«Բորնմութ»

«Բորնմութը» նախորդ խաղում գրեթե վերադառնում էր հաղթական ուղի: «Բորնմութը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վուլվերհեմթոնին» և թույլ տվեց մրցակցին հավասարեցնել հաշիվը խաղի ավարտից 7  րոպե առաջ:

Այսպիսով, Էդդի Հայի թիմի առանց հաղթանակների շարքը կազմում է արդեն 3 խաղ: Մինչ այս «Բորնմութը» պարտվել էր «Քարդիֆ Սիթիին» (0:2) և «Լիվերպուլին» (0:3):

Մրցաշարային աղյուսակում «Բորնմութը» հիմա 10-րդ հորիզոնականում է: Թիմը 10 միավորով հեռու է վտանգավոր գոտուց:

«Բորնմութը», սակայն, ունի կադրային լուրջ խնդիրներ: Թիմում վնասվածքներ ունեն Դևիդ Բրուկսը, Լյուի Կուկը, Կալում Ուիլսոնը, Սայմոն Ֆրենսիսը և Սթիվ Կուկը: Ջեֆերսոն Լերման որակազրկված է:

«Արսենալը» հիմա բավականին վերականգնել է մարզավիճակը: Առհասարակ, այս մրցաշրջանում Ունայի Էմերիի թիմն ավելի լավ է հանդես գալիս սեփական հարկի տակ: Լոնդոնյան թիմի համար հիմա կարևոր է յուրաքանչյուր միավորը, այնպես որ, «Բորնմութը» Լոնդոնում դժվար հաջողություն ունենա, այն էլ՝ մի շարք առանցքային ֆուտբոլիստների բացակայությամբ:

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս