Ի՞նչ է հարկավոր կատարյալ ընտրությունների համար. ԹԻ-ն առաջարկներ կներկայացնի
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ հայտարարել է, որ 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության մեջ, սակայն ընտրությունները, այնուամենայնիվ, կատարյալ չէին:
Ի՞նչ է հարկավոր ընտրությունները կատարյալ դարձնելու համար։ 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներկայումս ԹԻ-ն ամփոփում է իր հաշվետվությունն ընտրությունների վերաբերյալ, որը կհրապարակվի մարտի կեսերին։
Ըստ նրա՝ ԱԺ ընտրությունների ժամանակ գրանցված խնդիրների մի մասը կապված է տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների հետ.
«Այսինքն՝ շատ դեպքերում որակի, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից բարելավելու տեղ կա, որովհետև նույն դիտորդների կողմից արձանագրված խնդիրները մեծապես կախված էին հանձնաժողովի անդամի կողմից օրենսդրությունը չիմանալու կամ պարտականությունները պատշաճ չկատարելու հետ։ Դեպքեր են եղել, որ անգամ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կամ անդամներից մեկի նախաձեռնությամբ պարկերը բացվել են, և տեղում վերահաշվարկ է կազմակերպվել, այսինքն՝ այդ դեպքերը բավականին լուրջ հետևանքների կարող էին հանգեցնել»։ Նախընտրական քարոզարշավի շրջանում, Ա.Պետրոսյանի խոսքով, խնդրահարույց էր քարոզարշավի կանոնների պահպանման խնդիրը գրեթե բոլոր կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից.
«Քարոզչական նյութերի տարածման, չսահմանված վայրերում պաստառների փակցման, արգելված վայրերում քարոզչական նյութերի տեղադրման մասով ծավալուն խնդիրներ են արձանագրվել գրեթե բոլոր մասնակիցների կողմից։ Եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամներն են քարոզչության մասնակցել, եղել է դեպք, երբ բողոքի հիման վրա հանձնաժողովի անդամն իր վկայականից է զրկվել»։
Ա.Պետրոսյանը նշեց, որ այժմ ամփոփում են նախընտրական քարոզչության ֆինանսավորման ուսումնասիրության մասով բացահայտումները, որտեղ փորձում են կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից քարոզչության ընթացքում կատարված ծախսերն ուսումնասիրել, տեսնել, թե դրանք որքանով են թափանցիկ, որքանով՝ խնդրահարույց.
«Այս մասով, ցավոք, օրենքը հիմա էլ չի պահանջում, որ բացի գովազդային նյութերի ու պաստառների տպագրման ծախսերից՝ հրապարակվեն նաև նախընտրական շտաբների հետ կապված աշխատանքները, շտաբներում ընդգրկված աշխատողների վարձատրությունը, տրանսպորտային ծախսերը, որոնք սովորաբար չեն հայտարարագրվում, և մենք փաստացի չենք կարողանում պատկեր ստանալ նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների իրական ծախսերի մասով։ Եթե փորձենք դրան էլ գումարենք տարածքային ցուցակների խնդիրը, որովհետև չնայած մասհանումներ արվում են կուսակցությունների, դաշինքների նախընտրական հիմնադրամներից տարածքային թեկնածուների քարոզարշավների համար, բայց ռիսկ կա, որ տարածքային թեկնածուներից շատերն իրենց հաշվին են իրականացնում, որը որևէ կերպ չի արձանագրվում։ Դա ևս խնդրահարույց է ֆինանսական ծախսերի թափանցիկության մասով»։
Ա.Պետրոսյանի խոսքով՝ խնդիր կար կեղծ դիտորդական առաքելությունների հետ կապված, որի կապակցությամբ ԹԻ-ն կառաջարկի փոփոխել դիտորդների հավատարմագրման ընթացակարգը. «Եղան դիտորդական կազմակերպություններ, որոնք կապ ունեին կուսակցությունների հետ։ Դա բացահայտ էր, դիտորդների քանակը կասկածելի արհեստական մեծ էր, 2-3 կազմակերպություններ էին, որտեղից 5400-ական դիտորդներ էին հավատարմագրվել, և շատ դեպքերում անունները կրկնվում էին։ Եղել են դեպքեր, որ նրանց հարցրել էին, և հիմնականում պատասխանել էին, որ ԲՀԿ-ի կողմից դիտորդներ են»։