
«Հայաստանն ու Ռուսաստանը տնտեսական ոլորտում ունեն լավ հարաբերություններ». Բորիս Տիտով

Հունվարի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավոսյան Համաշխարհային տնտեսական համաժողովի օրերին Ռուսաստանի Դաշնության նախագահին կից գործարարների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովի հետ քննարկել է Հայաստան նոր ռուսական ներդրումներ ներգրավելու և հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների խորացման հարցերը:
Այսօր Մոսկվա-Երևան-Մինսկ-Քիշնև-Տալին տեսակամուրջի ընթացքում Բորիս Տիտովը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են, որպեսզի անցկացնեն հայ-ռուսական գործարար համաժողով։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ դա իր առաջին հանդիպումն էր, ուստի հետաքրքիր է եղել իմանալ, թե ՀՀ նոր իշխանություններն ինչ դիրքորոշում ունեն տնտեսությանը վերաբերող հարցերի շուրջ։
«Ես հույս ունեմ, որ այդ համաժողովը կկայանա, ճիշտ է, դեռ ժամկետների մասին որևէ խոսք չկա, սակայն հայ-ռուսական համատեղ ֆորում անցկացնելու գաղափարը երկկողմանի հետաքրքիր է։ Տնտեսական համագործակցության ոլորտում հետաքրքրությունը երկկողմանի է, համագործակցության հեռանկարների վերաբերյալ մեր կարծիքներով կիսվեցինք։ Նաև հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Հայաստանում ձևավորվում է այնպիսի խումբ, որը պատրաստ է զբաղվել տնտեսական քաղաքականությամբ։ Առաջարկեցինք մեր աջակցությունը, եթե այն ինչ-որ կերպ կարող է օգտակար լինել»,- տեղեկացրեց Բորիս Տիտովը։
Նրա բնորոշմամբ, Հայաստանն ու Ռուսաստանը երկու շատ կարևոր գործընկեր պետություններ են, որոնք սերտորեն համագործակցում և լավ հարաբերություններ ունեն, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և այլ ոլորտներում։
Նա վստահեցրեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մեծ աջակցություն ցուցաբերել՝ ինչպես Ռուսաստանում հայ գործարարներին, այնպես էլ՝ Հայաստանում ռուս գործարարներին։
Զվարթ Խաչատրյան