«Խաղաղություն քարոզողին հրավիրում եմ, գնանք դիրքեր, ու թող գլուխը մեկ րոպե դիրքերից դուրս հանի, քանի՞ անգամ կարող են մեզ ասել՝ խաղաղություն, և մորթել». Արշակ Զաքարյան
«Տարբեր իշխանությունների կողմից այս թեզն անընդհատ առաջ է քաշվել՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»։ Վաղվա մեր հանրահավաքը հենց դրա համար է, որ աշխարհին ասենք՝ մենք խաղաղության դիմաց տարածքներ չունենք հանձնելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը՝ անդրադառնալով փետրվարի 26-ին նախատեսված հանրահավաքին։
Նրա խոսքով՝ փետրվարի 26-ը Սումգայիթում հայերի կոտորածը սկսելու օրն է, և վաղը հիշեցման կարգով այդ մասին կասեն բոլոր նրանց, որոնք խաղաղության քարոզներ են անում։
«Հեռուստատեսությամբ քարոզ են անում, թե ժամանակին մենք ադրբեջանցիներ հետ վարունգ էինք առնում ու ծախում: Մենք էլ ուզում ենք ասել, որ այդ վարունգ առնող ադրբեջանցին վաղն ինչի կարող է ընդունակ լինել։ 70 տարի շարունակ մեզ ասել են, որ մենք եղբայրներ ենք ադրբեջանցիների հետ, իրար հետ կիսելու ոչինչ չունենք։ Հանրահավաքն ընդհանուր մի քանի հարցերի քննարկում է՝ խաղաղության կոչերի, նախկին, այսօրվա և վաղվա իշխանություններին ասելու, որ հայ ազգն իր զիջումները կատարել է 1994 թվականին, մեկ անգամ էլ զիջումների գնացինք 2016 թվականին՝ չազատագրելով մեր հայրենի հողերը։
Մեզանից աղերսած զինադադարից հետո, արդեն 25 տարի է՝ սպասում ենք այս զիջումների պատասխանին։ Երբ խոսում ենք փոխզիջումներից, աշխարհը պետք է հասկանա, որ մենք զիջումներ արդեն արել ենք։ Թող դիմեն այն կողմին, որը զիջումներ դեռևս չի արել, որը շարունակում է իր ագրեսիվ ու ցեղասպան ծրագրերն իրականացնելու ճանապարհներ փնտրել»,- ասաց Ա. Զաքարյանը։
Ըստ նրա, Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ադրբեջանը փորձում է ճնշումներ գործադրել և հույս փայփայել, որ, ի վերջո, կարող է հասնել իր նպատակին։ Հատկապես, որ իշխանության մեջ կան պաշտոնյաներ, ինչպես ՀՀՇ-ից, ՀԱԿ-ից, այնպես էլ լիբերալներից, որոնք խաղաղություն հաստատելու թեզի կողմնակից են, նրանք գովաբանել են ո′չ սահման, ո′չ պետություն թեզերը, «եղբայրական ադրբեջանցիների» հետ մասնակցել են ինչ-որ ֆորումների և այսօր նստել են Կառավարությունում, ուստի Արշակ Զաքարյանն այստեղ վտանգներ է տեսնում։
«Կառավարությունում տեսնելով Թագուհի Ղազարյանին, Լարա Ահարոնյանին, չեմ թաքցնում, դա ինձ մտահոգում է։ Հանրային հեռուստաընկերությունը, որը միշտ ներկայացնում է իշխանությանը, հանկարծ ցուցադրում է, որ լրագրողը գնում անմիջապես գտնում է մարդկանց, որոնք անհամբեր սպասում են, թե երբ են ադրբեջանցիների հետ գրկախառնվելու, սա մտահոգություն է, տեսնում եմ, որ այստեղ ինչ-որ միտում կա։ Քանի՞ անգամ կարող են մեզ ասել՝ խաղաղություն, և մորթել, մի մոռացեք, որ 1988 թվականին, այն ժամանակ նույնպես առաջարկում էին խաղաղություն, բայց հայ ազգն ընտրեց դժվարը, քան թե թվացյալ խաղաղությունը»,- շեշտեց կինոռեժիսորը։
Նա տեղեկացրեց, որ հանրահավաքին կմասնակցեն բազմաթիվ մարդիկ, սակայն այստեղ կարևորը ոչ թե մարդկանց քանակն է, այլ հանրահավաքի գաղափարը։
«Հավաքը կմեկնարկի Ծիծեռնակաբերդից, որտեղ մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն անմար կրակի մոտ, այնուհետև կհավաքվենք Ազատության հրապարակում, մեր ասելիքը կասենք, որից հետո կգնանք «Եռաբլուր» մեր տղաներին երդվելու, որ մենք իրենց արյամբ ազատագրված հողը որևէ մեկին չենք տալու։ Քանի դեռ մեր բազուկները կարողանում են զենք բարձրացնել, թույլ չենք տա, որ այս հողը թշնամու ոտքի կոխան դառնա։ Հանրահավաքի անունը դրել ենք հայահավաք, ժողովրդով միշտ հավաքվում ենք, մեկ անգամ էլ հայերով հավաքվենք»,- ընդգծեց Արշակ Զաքարյանը։
Ինչ վերաբերում է սահմանի հարաբերական անդորրին, Ա. Զաքարյանը նկատեց, որ տարիներ ի վեր թշնամին հայտարարում է, որ հայ ազգին ոչնչացնելու է, իսկ Հայաստանում ասում են՝ եկեք խաղաղ ապրենք, այդպես չի լինում։
168.am-ի հարցին՝ եթե թշնամին իր մարտավարությունը չի փոխել, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որ ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության, ինչի՞ կամ ո՞ւմ հաշվին պետք է լինի, Արշակ Զաքարյանը պատասխանեց.
«Այս ամենը թշնամուն հերթական հնարավորությունն է տալիս ավելի վայրագ պատերազմի պատրաստվելու, քանի որ գիտեն, եթե պայմանավորվում են, որ կրակոցներ չլինի, հայկական կողմը երբեք չի կրակում։ Ու այսքանից հետո խաղաղություն են քարոզում։ Խաղաղություն քարոզողին հրավիրում եմ, գնանք դիրքեր, ու թող գլուխը մեկ րոպե դիրքերից դուրս հանի։ Հիմա այնտեղ ադրբեջանցիները հանգիստ «ֆռֆռում» են, քանի որ սահմանում ինժեներական աշխատըանքներ են կատարում, բայց թող մեկ հայ դիրքերից գլուխը հանի, պատասխանը կտեսնեն»։
Զվարթ Խաչատրյան