«Կառավարության ծրագրում գիտության զարգացումը ընդհանուր գծերով է արտահայտված». Սերգեյ Բագրատյան

«Նախկին տնտեսական հեղափոխությունները կամ, այսպես կոչված, տնտեսական հրաշքները տեղի են ունեցել 30 տարի առաջ: Իսկ դրանից հետո մենք որևէ դասական օրինակ չունենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա նշեց, որ որևէ երկրի տնտեսական հեղափոխությունը նույնությամբ կրկնել հնարավոր չէ, բայց որոշ էլեմենտներ վերցնելը կարևոր է:

«Կարևոր եմ համարում հատկապես ճապոնական տնտեսական հրաշքի ուսումնասիրությունը: 1950 թվականից մինչև 1973 թվականը՝ լինելով քայքայված, ատոմային ռումբով ռմբակոծված երկիր՝ կարողացավ 23 տարվա ընթացքում տարեկան 10 տոկոս աճով հասնել տնտեսական հրաշքի: Նախ հարկերը շատ ցածր էին, հիմնական շեշտադրումն էլ դրված էր գիտության զարգացման վրա: Ճապոնիան կարողացավ գիտությունը վերածել արտադրության: Գտավ տեխնիկական հնարավորություններ՝ գիտության վերջին նորությունները արտադրության մեջ ներդնելով: Սկզբնական շրջանում այլ երկրներից գնում էր նորարարությունները, գյուտերը և դրանք վերափոխելով բոլորովին այլ արդյունք էր ստանում:

Համեմատության համար ասեմ, որ գիտության ֆինանսավորմամբ Ճապոնիան աշխարհում երկրորդ տեղն է՝ ԱՄՆ-ից հետո: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանում տնտեսության զարգացումը պետք է պայմանավորել հիմնականում գիտության զարգացմամբ»,- նշեց Սերգեյ Բագրատյանը՝ ցավ հայտնելով, որ մեզ մոտ գիտությունն ու տնտեսությունը խիստ բևեռացած են:

«Որևէ գործարար գիտության հնարավորությունները չի օգտագործում: Մեր գործարարները գերադասում են դրսից գնել թանկ տեխնոլոգիաներ, որոնք կարճ ժամանակ անց մաշվում են, կորցնում արդիականությունը, իսկ նորը գնելու համար տնտեսական բարդություններ, ֆիմնասնական խնդիրներ են ունենում: Իսկ, եթե մենք կարողանանք գտնել ճապոնական ֆորմուլան՝ գիտությունը արտադրության վերածելը, վստահ եմ, որ ավելի մեծ շանսեր ունենք այդ ուղղությամբ զարգանալու համար, որովհետև մենք ժառանգել ենք հսկայական գիտական պոտենցիալ, որը, ցավոք, փոշիացվում է և չի աշխատում»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, դա հնարավոր է, որքանո՞վ է Կառավարության ծրագրում տեղ տրվել գիտությանը, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց.

«Կառավարության ծրագրում գիտության զարգացումը ընդհանուր գծերով է արտահայտված: Ես առաջարկել եմ, որ ֆինանսավորումը լինի ոչ թե 0.25, այլ գոնե կես տոկոս, ինչը շատ կարևոր է: Մենք երիտասարդ գիտնականներին ՀՀ-ում գործով ապահովելու խնդիր ունենք: Հույս ունեմ, որ կառավարությունը ուշադրություն կդարձնի մեր հորդորներին»:

Պատգամավորն անդրադարձավ նաև իրենց աշխատավարձից դժգոհող ուսուցիչների խնդրին՝ նշելով, որ մտահոգիչ է ուսուցիչների ցածր աշխատավարձը:

«Հնարավոր է՝ լինեն կրճատումներ, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա: Մտավախություն ունեմ, որ այստեղ կկորցնենք որոշակի աշխատատեղեր, որը, ցավոք, նախորդ իշխանությունները հիմնականում օգտագործել են ընտրական գործընթացների ու այլ նպատակների համար: Բայց, մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են, չէի ցանկանա, որ աշխատանքից զրկվեն: Կարծում եմ՝ մինչև նոր աշխատատեղերի խնդիրը չլուծվի, չարժե կրճատումներ անել: Պետք է հասկանանք նաև, թե կրճատման արդյունքում ի՞նչ ցուցանիշներ ենք ունենալու, արդյո՞ք բավարար է սրա արդյունքում բարձրացվող աշխատավարձի չափը»,- հավելեց Սերգեյ Բագրատյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս