Տպավորություն է, որ հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից. Փաշինյանը հանձնարարեց ՏՄՊՊՀ-ի գրությունը հասցեագրել դատախազությանը
Այսօր կառավարության նիստում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարնեի փոխնախարար Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է սահմանել հանքերի իրական սեփականատերերի հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը:
Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նախագծով նույնացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց (բացառությամբ՝ քննիչների) և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին: Նախագծով սահմանվել են նաև իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավաբանական անձ- ֆիզիկական անձ փոխկապակցվածության դեպքերը:
Ըստ Բաղրամյանի՝ հանքերի սեփականատերերի որևէ տեղեկություն թաքցնելու դեպքում շահագործման թույլտվությունը կկասեցվի կամ կչեղարկվի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ն իրեն մի ուսումնասիրություն էր ուղարկել, որտեղ ասվում էր, որ ՀՀ հանքերի մեծամասնության որպես սեփականատերեր գրանցված են օֆշորային ընկերություններ, որոնց սեփականատերերն այլ օֆշորային ընկերություններ են:
Ըստ նրա՝ ինքն այդ գրությունն ուղարկել է էներգետիկայի նախարարություն, բայց դրանով նաև իրավապահ մարմինները պետք է զբաղվեն:
«Այդտեղից տպավորություն էր, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից և դա ինքնին տարօրինակ փաստ է, կարծում եմ, որ արժի մեր իրավապահ մարմինները զբաղվեն դրանով»,- ասաց վարչապետը:
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենց վարույթում կա նման 1 գործ, որ «Վայք գոլդ» հանքարդյունաբերական ֆիրմայի հետ կապված: