
Թուրք մասնագետները Ռուսաստանում պատրաստություն կանցնեն S-400-ները սպասարկելու համար

Թուրք մասնագետները Ռուսաստանում հատուկ պատրաստություն կանցնեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը տեխնիկապես սպասարկելու համար։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Այդ մասին հայտնել է ռուսական «Ростех» ռազմարդյունաբերական ընկերության միջազգային համագործակցության և տարածաշրջանային քաղաքականության գծով տնօրեն Վիկտոր Կլադովը։
«Ռուս-թուրքական պայմանագիրը ժամանակացույցին համապատասխան հաջող կերպով իրականացվում է։ Ըստ պայմանագրի կետերից մեկի՝ թուրք մասնագետները գարնանը պատրաստություն են անցնելու»,- ասել է ռուս պաշտոնյան։
Նա միաժամանակ հիշեցրել է, որ թուրքական կողմի պահանջով ռուսական S-400-ների մատակարարումն արագացվել էր։
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական պայմանագրի իրականացման դեմ է հանդես գալիս Վաշինգտոնը։ Ամերիկյան կողմը Թուրքիային շարունակում է կոչ անել հրաժարվել ռուսական համակարգերը գնելու մտադրությունից։ Նախատեսվում է, որ այդ համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիային կմտակարարվի 2019-ի վերջին։