«Դավիթ Սանասարյանի հայտարարությունը բացարձակ սուտ է». Հրանտ Պիվազյանը սպասում է վարչապետի արձագանքին
«Հետք» կայքում երեկ ««Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց՝ հոդվածում բարձրացված խնդիրը «շահարկում» որակելով։
«Այսօր մամուլում հրապարակում եղավ, թե իբր մենք (ՊՎԾ) պետական մակարդակով բիզնես ենք խլում??։
Քանի որ ուսումնասիրությունը չի ավարտվել, ուստի մանրամասներ չենք կարող ներկայացնել։
Հ.Գ. Անկախ շահարկումներից` մենաշնորհների դեմ պայքարը շարունակվում է։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Սանասարյանը։
Որքանո՞վ է ՊՎԾ-ն իրավասու պայքարել մենաշնորհների դեմ։ Պետական վերահսկողական ծառայության լիազորություններում մենաշնորհների հետ կապված որևէ խոսք չկա։ Այդ գործառույթը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովինն է։
ՏՄՊՊՀ-ից մեզ հայտնեցին, որ հեմոդիալիզի ոլորտում երբևէ ուսումնասիրություն չի իրականացվել, և չեն կարող որևէ տեղեկություն տալ շուկայի մասնակիցների ու բաշխվածության մասին։
Սանասարյանի գրառումից հետո 168.am-ի խմբագրություն դիմեց «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը՝ ՊՎԾ պետին մեղադրելով բացարձակ սուտ խոսելու մեջ։
«Դավիթ Սանասարյանի երեկ տարածած հայտարարությունը՝ իբր պայքարում են մենաշնորհների դեմ, բացարձակ սուտ է։ Իմ կարծիքով՝ թեման են ուզում շեղել, բառեր են ասում, որ մարդիկ, լսելով, նորից վրդովվեն, ասեն՝ կրկին մենաշնորհներ, չազատվեցի՞նք մենաշնորհներից։ Բացարձակ սուտ է, ես չունեմ մենաշնորհ։ Եթե Դավիթ Սանասարյանը կհաստատի, որ դա մենաշնորհ է, ես այդ ամբողջ «մենաշնորհը» նվիրում եմ իրեն։ Նման բարձր պետական պաշտոն զբաղեցնելով՝ Սանասարյանը չի տիրապետում, թե ինչ է նշանակում՝ մենաշնորհ, այն պարագայում, երբ շուկայում գործում է մեկից ավելի ընկերություն,- ասաց Հ. Պիվազյանը և շարունակեց,- Կցանկանայի՝ մենաշնորհ լիներ զուտ այն նպատակով, որ ես զարգացնեի այս ոլորտը և հասցնեի Գերմանիայի մակարդակին, որովհետև իմ ներկայացրած ֆիրման՝ գերմանական «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերությունը, աշխարհում լավագույնն է։ Դրանից լավն ուղղակի չկա։
Ընդ որում՝ այդ ընկերությունը, հաշվի առնելով տարածաշրջանում երկրի վիճակը, նույն ապրանքը, որը Գերմանիայում 20-30 անգամ թանկ է վաճառում, այստեղ տրամադրում է այն գներով, որ պետպատվերի շրջանակներում հնարավոր լինի ձեռք բերել։ Սպասարկումը բացարձակ անվճար է, ապարատների վաճառքի դեպքում 50-80% զեղչ է տրվում՝ առանց նախապայմանի։ Ես ոչ մեկի հետ պայմանագիր չունեմ, թե՝ իմ ապարատը էժան վաճառեմ քեզ կամ նվեր տամ, պարագաներն ինձնից գնես։ Պետք է շնորհակալություն հայտնեն, որ այս ընկերությունն այսքան աշխատանք է իրականացրել Հայաստանում»։
Հ. Պիվազյանը նշեց, որ փետրվարի սկզբին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հայտարարած մրցույթի առաջին փուլով, այսինքն՝ որպես ամենաէժան առաջարկ, հաղթել է ՊՎԾ ղեկավարության հովանավորյալ «Զորաշեն» ՍՊԸ-ն, իսկ երկրորդ փուլում դրա ներկայացրած ապրանքի տեխնիկական բնութագրերից պարզվել է, որ խախտվել են մրցույթի պայմանները, ու ապրանքը չի համապատասխանում պահանջներին։ Ավելին՝ հեմոդիալիզատորը մանրէազերծվել է բետտա ճառագայթներով, որոնք վնասում են մանրաթելային հյուսվածքների կառուցվածքը, բերում դիսֆունկցիայի ու բացասական ազդեցություն ունենում մարդու կյանքի և առողջության վրա:
Ընդ որում՝ ՊՎԾ-ն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստուգումները սկսել է այն ժամանակ, երբ մրցույթի երկրորդ փուլում «Զորաշենը» պարտվել է։ Եվ, Հ. Պիվազյանի խոսքով, ստուգում են միայն «Ֆրեզենի» թղթերը, բժիշկներին հարցաքննում են այնպես, ինչպես 37 թվականին էին մարդկանց տեռորի ենթարկում։
Հ. Պիվազյանը պնդում է՝ «Զորաշենի» ապրանքի որակը զգալիորեն զիջում է իր ներկայացրած «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերության ապրանքին և վնաս է մարդու առողջությանը. «Խնդիրը վերաբերում է երեխաների, երիտասարդների կյանքին, ո՞նց կարող եմ ես հանգիստ մնալ, երբ այդ աղբն են բերում։ Իրենք փորձում են մոլորեցնել մարդկանց՝ ինչ-որ անուններ տալով, «մենաշնորհ», «ուսումնասիրություն» ասելով։ Ի՞նչ մենաշնորհ, ի՞նչ ուսումնասիրություն։ Գնումների մասին օրենքը սահմանում է, որ հաղթում է էժան առաջարկը, բայց իրենք չպետք է խաբեն մարդկանց ու ասեն, որ «Զորաշենի» ներկրածը համանման է «Ֆրեզեն» ընկերության ապրանքին։
Պաշտոնապես ասում եմ՝ 10 անգամ զիջում է որակը և մարդու կյանքի համար վտանգավոր է։ Սա ռազմավարական ոլորտ է, դիալիզով հիվանդը չի կարող առանց բուժման 10 օր մնալ։ Մեր ընկերությունը շուկայի 40-45%-ն է մատակարարում, մնացածը մերը չէ։ Եվ այստեղ պայքարը շուկայում տեղ կորցնելու համար չէ, պայքարն այն է, որ հիվանդների մեջ կան երեխաներ, մեր բարեկամները, ընկերները, ինչպե՞ս կարող եմ ես աչք փակել։ Հարցրեք հիվանդանոցի ներկա և նախկին բոլոր տնօրեններին, դիալիզի բաժնի բժիշկներին մեր աշխատանքի և որակի մասին»։
Հ. Պիվազյանի խոսքով՝ շուկայի, թերևս, ամենախոշոր մասնակիցը «Նատալի Ֆարմ» ընկերությունն է. «Ինչո՞ւ նրանց չեն անհանգստացնում, իսկ եթե անհանգստացնում են, սխալ են անում։ Թող նրանք էլ բարձրաձայնեն, որովհետև տվյալ ապրանքը, որ «Զորաշենը» բերում է, ընդհանրապես չի կարելի օգտագործել։ Քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդներին, որ դատապարտված են օրը մեջ գնալ դիալիզի, դա հակացուցված է, չի կարելի։ Գուցե 1-2 անգամ ռեանիմացիոն պայմաններում այդ դիալիզատորներն օգտագործեն, բայց ստատիկի համար բացարձակ չի կարելի։
Ի վերջո, սա փորձադաշտ չի։ Հանրապետական հիվանդանոցում 20 տարի առաջ այդ բաժանմունքը «Ֆրեզեն» ընկերությունն է ստեղծել ու սարքերն ապահովել, բայց հիմա անօգուտ է, հիվանդների օրգանիզմը չի մաքրվում, որովհետև սարքերը վնասվել են՝ սխալ նյութերի կիրառման արդյունքում»։
Հ. Պիվազյանի համոզմամբ՝ Դավիթ Սանասարյանը՝ իր գրառմամբ ուղղակի հաստատեց, որ ինքը կապ ունի այս ամենի հետ։
Նա հայտնեց, որ մոտ 2 շաբաթ առաջ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Վստահ եմ, որ, եթե Ն.Փաշինյանն իմանա իրականությունը, ոչ թե լսի միայն Դավիթ Սանասարյանին, իսկ ես կապացուցեմ իմ իրավացիությունը, կներկայացնեմ փաստերը, նա անաչառություն կցուցաբերի։ Մենք ծրագիր ունեինք նոր ներդրումներ իրականացնելու և հեմոդիալիզի տարածաշրջանային կենտրոն բացելու, որպեսզի առողջապահական տուրիզմ զարգացնեինք, բայց այս պայմաններում ոչ մի ներդրում չենք կատարի։ Գուցե Ն.Փաշինյանը վստահում է իր թիմակցին, բայց վարչապետին խաբում են։ Ես չեմ հավատում, որ ինքն իմանա ճշմարտությունը, քայլեր չձեռնարկի։ Իրավապահները թող բացահայտեն Դավիթ Սանասարյանի այլ հովանավորյալ ընկերություններին»։
Դավիթ Սանասարյանի աթոռը, կարծես թե, արդեն «ճոճվում» է։ Մոտ 1 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում իր ելույթում կոշտ քննադատություն հնչեցրեց «պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր ակտիվիստների» հասցեին, որոնք, ըստ նրա, շարունակում են գործել նույն կերպ, ինչ նախկինում: «Պաշտոնյան չի կարող նախկինի պես Ֆեյսբուքում ստատուս գրել ու գնալ որևէ կազմակերպություն ստուգել, որովհետև այդ ստատուսը դատական գործի ժամանակ բողոքարկման կոնկրետ հիմք կդառնա»,- հայտարարել էր վարչապետը։
Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը վստահություն էր հայտնել, թե դա իրեն չի վերաբերում։ «Կարող եմ ասել, որ վարչապետի հետ մեր բոլոր հանդիպումների ընթացքում նման օրակարգ չի եղել: Այնպես չէ, որ գնդակ է գալիս, ես պետք է կրծքով վերցնեմ»,- ասել էր Սանասարյանը՝ միաժամանակ խոստովանելով, որ սկզբից ինքն էլ իրեն այդպես է պահել, և «մի քիչ դժվար էր դուրս գալ ակտիվիստի հագուստից ու լինել պետական պաշտոնյա»։
Կարելի է ասել՝ Դավիթ Սանասարյանին ձեռնոց է նետված։ Ո՞վ կվերցնի այն՝ կերևա մոտ ապագայում։