Թումանյանի թբիլիսյան տան անորոշ ճակատագրի, հավատարմության և ցանկալի արդյունքի մասին
Աշխատում էի «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Լուսաբանում էի մշակույթի ոլորտը եւ ինքս ինձ համար որոշել էի` հավատարիմ մնալ արվեստին մինչեւ վերջ, աշխատել առնվազն «չվնասելու» անխախտ որոշմամբ, օգնել կարողացածի առավելագույն չափով։
2012 թվականն էր, երբ Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանից ստացած անսպասելի զանգը տակնուվրա արեց աշխատանքային առօրյաս։ Փոխանցած մտքերը, խնդիրը կցկտուր էր ձեւակերպված` «Թումանյանի տունը … ծախեցին», «թուրք- վրացական ընկերություն է գնել», «սա իրական անտարբերություն է», «ծոռնուհի Ալինան», «շենքի երկրորդ հարկաբաժինը» եւ այլն, եւ այլն։
Խնդրի լրջությունը սթափ գիտակցելու, էմոցիոնալ հատվածը մի կողմ դնելու ու ստացած տեղեկատվությունը մի քանի աղբյուրից ստուգելու լրագրողական պարտավորվածությունից զատ, մի բան հստակ էր` շտապել է պետք, համապատասխան արձագանքը չպետք է ուշանար։
Դրանից հետո զանգեր, տեղեկատվության պարբերական թարմացում, ասեկոսեներ, մամուլի ասուլիսներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը, պատվիրակության կազմում եւ մեկնում Թբիլիսի. պատվիրակություն` Հայաստանի գրողների միության լուսահոգի նախագահ Լեւոն Անանյանի ղեկավարությամբ։ Ձեւակերպված հստակ նպատակ` տեղում ծանոթանալ իրավիճակին, վերջ տալ իրարամերժ, իրար հակասող տվյալներին եւ օբյեկտիվորեն բնորոշել առկա իրավիճակը։
Ես ուղեկցում էի պատվիրակությանը եւ ակնդետ հետեւում, թե ինչպես թումանյանասերը, հմուտ դիվանագետը եւ մեծ հայրենասերը կարողացավ մի «փաստաթղթի» շուրջ համախմբել բոլոր շահագրգիռ կողմերին, ազգային շահը չստորադասելով` անխախտ պահել երկու երկրների բարեկամական հարաբերությունները եւ … հաջողել։
Այնուամենայնիվ, դա միայն առաջին փուլն էր, որին հաջորդեց երկար- երկար քննարկումների, բանակցությունների, շահարկումների անվերջ շղթան, որը բարեբախտաբար իր ցանկալի վերջնարդյունքը տվեց եւ տունն այժմ ծառայում է այն նպատակին, որին ձգտում էր հայ ժողովուրդը։
Չգիտեմ ինչու այսօր որոշեցի այս մասին գրել։ Գրեցի ու էլի ինքս ինձ համար համոզվեցի, որ իսկական նվիրումն ու հավատարմությունն իր արդյունքը չտալ չի կարող։
Հիշողությունները գրի առավ Արուսյակ Զախարյանը