Բաժիններ՝

Բարեփոխումները պետք է հասնեն դասարաններ

Վերջին տարիներին Հայաստանի կրթական օրակարգից անհետացավ դասավանդման ձևերի, մեթոդների, մանկավարժական նորարարությունների հարցը։ Պատճառը, թերևս, այն է, որ մեզ թվում է, թե գտնվել են դասավանդման լավագույն ձևերը՝ ինտերակտիվ ուսուցումն ու տեխնոլոգիաների օգտագործումը։

Հետևաբար՝ նոր ասելիք չկա։ Կառավարության նոր ծրագրի կրթության հատվածում այս թեմայի մասին ասվում է հետևյալը. «Առանցքային են կրթության բովանդակության արդիականացումը՝ ուղղված… դասավանդողների կարողությունների զարգացմանը»։ Ընդ որում, այս խնդիրը նշվում է՝ ներածականի, և որևէ ձևով չի մանրամասնվում հանրակրթության ծրագրային նպատակների հատվածում։

Մինչդեռ դասավանդման մոտեցումների հարցը միջազգային օրակարգում շարունակում է մնալ՝ որպես զարգացող թեմա։ Այս թեման կարևոր է նաև սովորողների համար։ Սովորողներին բացարձակապես չեն հետաքրքրում վերացական մակարդակում իրականացվող փոփոխությունները։ Աշակերտի կամ ուսանողի համար ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն է. ի՞նչ է անում դասավանդողը դասարանում կամ լսարանում։ Մեր կրթական համակարգում միշտ գերիշխող են եղել մակրո մակարդակի թեմաները. կառավարման ձևերի փոփոխություն, չափորոշիչների փոփոխություն, դպրոցների ապակուսակցականացում, ֆինանսավորման բանաձևեր…։

Դասավանդման մոտեցումների թեման Հայաստանում արդիական էր շուրջ 15 տարի առաջ, երբ հայտարարվեց, որ Հայաստանի բոլոր ուսուցիչները պետք է վերապատրաստվեն և տիրապետեն ուսուցման ինտերակտիվ մեթոդներին։ Վերջին տարիներին դասավանդման ինտերակտիվ մոտեցումների կարևորության մասին սկսեցին խոսել նաև բուհերում։ Այսօր Հայաստանում դեռևս գերիշխող է մնում այն տեսակետը, որ հենց ինտերակտիվ ուսուցումն է դասավանդման լավագույն մոդելը։ Բայց այս տարիների ընթացքում մանկավարժական աշխարհում փոփոխություններ են եղել։

Կարդացեք նաև

Մասնավորապես, այլևս միանշանակ չէ այն կարծիքը, որ ինտերակտիվ մեթոդներն ուսուցման լավագույն ձևն են։ Անցկացված հետազոտությունները պարզել են, որ տարբեր մոտեցումներ տարբեր խմբերում տարբեր արդյունքներ են տալիս։

Օրինակ՝ պարզվել է, որ աշակերտների ուժեղ խմբերում ավանդական մեթոդները շատ ավելի լավ արդյունք են տալիս։ Բացի այդ, պարզվում է, որ ուսուցման ինտերակտիվ ձևերն ունեն բազմաթիվ խնդիրներ։ Մասնավորապես, որոշ աշակերտներ, խմբերով աշխատելիս, «թաքնվում են» լավ սովորողների հետևում և ոչինչ չեն անում։ Բացի այդ, ինտերակտիվ ուսուցման դեպքում հաճախ խնդիրները ներկայացվում են մակերեսային ձևով, ավելի մեծ ուշադրություն է դարձվում ձևին, քան բովանդակությանը։

Այս ամենը չի նշանակում, որ պետք է հրաժարվել ինտերակտիվ ուսուցումից։ Պարզապես պետք է ինտերակտիվ ուսուցումը դիտարկել՝ որպես մանկավարժական գործիքակազմի մաս, որն անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել։ Ներկայումս գիտության մեջ գերիշխում է այն տեսակետը, որ մանկավարժության մեջ չկան պատրաստի «դեղատոմսեր»։ Ոչ ոք չի կարող ասել, թե որ մոտեցումներն են լավ արդյունք տալիս։ Պատճառն այն է, որ յուրաքանչյուր դաս, յուրաքանչյուր դասարան եզակի է։

Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպիսի իրավիճակ կստեղծվի այս կամ այն դասի ժամանակ։ Հետևաբար՝ շատ բան կախված է այն բանից, թե որքանով է հարուստ դասավանդողի մեթոդական զինանոցը, և որքանով է նա կարողանում ճիշտ կողմնորոշվել և ընտրել տվյալ իրավիճակում արդյունավետ աշխատող մեթոդներ։ «Մանկավարժական դատողություն». ահա սա է այն գլխավոր արժանիքը, որն ունեն լավագույն դասավանդողները։

Ժամանակն է Հայաստանում սկսել այս թեմաներով քննարկումները, որոնք դադարեցվել են շուրջ 10 տարի առաջ։

Նույն խնդիրն առկա է տեղեկատվական տեխնոլոգիաների պարագայում։ Տարիներ առաջ թվում էր, որ եթե ուսումնական հաստատությունները հագեցվեն համակարգիչներով, պրոյեկտորներով, սմարթ գրատախտակներով, ապա ուսուցման որակը շեշտակի կաճի։ Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ դա միանշանակ չէ։ Բանաձևային է մնում այն տեսակետը, որ գլխավորը մանկավարժության որակն է։ Եթե կար բարձր որակի մանկավարժություն, ապա տեխնոլոգիաները բազմապատկում են ուսուցչի աշխատանքը։ Բայց եթե մանկավարժության որակը թույլ է, ապա տեխնոլոգիաները ոչնչով չեն օգնում։

Հուսանք, որ կառավարության օրակարգում դասավանդման մոտեցումների հարցը կդառնա առաջնային։ Մանավանդ, առաջիկա ամիսներին սկսվելու է Կրթության ազգային ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունների գործընթացը։

Անկախ այդ փոփոխությունների բնույթից՝ մենք պարտավոր ենք հետևել միջազգային զարգացումներին և երբեք չմտածել, որ մանկավարժության մեջ կարող են լինել վերջնական լուծումներ։ Մենք պետք է ունենանք մարդկանց մի խումբ, որոնց գործը կլինի մանկավարժական նորարարություններին հետևելը և դրանք ինստիտուցիոնալացնելը։ Ցավոք, մենք չունենք բավարար ռեսուրսներ, որպեսզի ինքներս ստեղծենք և փորձարկենք այդ նորարարությունները։ Բայց պարտավոր ենք հետևել ուրիշների փորձին։

Առանց բարձրակարգ դասավանդման՝ ոչ մի բարեփոխում չի կարող հաջողության հասնել։ Բարեփոխումներն արդյունավետ են, եթե հասնում են դասարաններ ու լսարաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս