
Կոնգոյի ԴՀ-ում էբոլայով վարակվելու դեպքերի թիվը հասել է 829-ի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա մահացու վիրուսով վարակվելու դեպքերի թվաքանակը կազմել է 829: Այդ մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը հայտնել է փետրվարի 15-ին անցկացված ճեպազրույցում։
«Մենք փետրվարի 14-ին տվյալներ ենք ստացել Կոնգոյի ԴՀ-ի առողջապահության նախարարությունից: Այժմ գրանցված է 829 դեպք, որոնցից 768-ը հաստատված են եւ 61-ը՝ հավանական: Նաեւ 521 մարդ մահացել է: 283 հոգի դուրս են գրվել բուժհիմնարկներից, բայց նրանք շարունակում են մնալ հսկողության ներքո: Փետրվարի 15-ի դրությամբ 68 բուժաշխատողներ վարակված էին էբոլայով»,-ասել է նա: Ավելի վաղ Կոնգոյի ԴՀ-ի առողջապահության նախարարությունը հայտնել էր 806 վարակվածների եւ հիվանդությունից 505 մահացածների մասին:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: