«Հըլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած»
Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկումների ավարտին իր ամփոփիչ ելույթի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց, եթե ինչ-որ մեկն իր խոսքում մուննաթի կամ հեգնանքի տարրեր է նկատել: Նա նշեց, որ դա ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է:
Ն.Փաշինյանը հայտարարեց, որ սա նոր որակի խորհրդարան է, թեև երկար տարիներ դա մեր երկրի անլուծելի հարցերի շարքում էր: Նա հաջողված համարեց վերջին երեք օրերի քննարկումները, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ գաղափարական բանավեճ ու բախում: Նրա բնորոշմամբ՝ այստեղ երկու խումբ մարդկանց, մտածելակերպի բախում էր, մի մասը ներկայացնում էր այն տեղեկատվությունը, որը ստացել էր իր կարդացած գրքերից, մյուսը խոսում էր իր գրելիք գրքի մասին: Սակայն, Ն.Փաշինյանի խոսքով, քննարկումների ընթացքում այդպես էլ չխոսվեց կառավարության ծրագրի ամենակարևոր հատվածի մասին.
«Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Կառավարությունը վճռական է՝ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն»:
Ն.Փաշինյանը պարզաբանեց, որ այդ գաղափարական հենքն անհատի վերափոխումն է, որ հանրային վերափոխման կարևոր գործոնն է, և յուրաքանչյուր անձ իր կատարելագործումը պետք է դիտարկի՝ իբրև հանրային վերափոխումների զարգացման կարևորագույն բաղադրիչ, պետությունը պետք է անհրաժեշտ միջավայր և մթնոլորտ ձևավորի նման վերափոխումների համար:
Նա կոչ արեց յուրաքանչյուր քաղաքացու՝ իր օրինակով ասել, որ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Փաշինյանը նշեց, որ հնարավոր չի աղքատություն հաղթահարել, որևէ բան փոխել՝ առանց աշխատանքի:
«Մեզ ասում են՝ քաղաքացին հավատում է կառավարությանը, վարչապետին, բայց քաղաքացին ոնց որ չի հավատում իր ապագային: Սա եղել է հաջորդ բանաձևը, որով Հայաստանում արվել է հեղափոխություն: Այ, երբ որ ՀՀ քաղաքացին բոլոր քաղաքական գործիչներին՝ ինձ, ձեզ, համարում էր ծախված և ասում էր, որ ոչ մեկին չի հավատում, մենք ասում էինք, որ պետք չի, որ մեզ հավատաք, պետք է, որ դուք ձեզ հավատաք: Եվ եթե ՀՀ կառավարությունը ձևավորվել է ոչ թե նրա համար, որ քաղաքացին հավատացել է ինձ կամ որևէ մեկին, այլ հավատացել է ինքն իրեն, և հետևաբար՝ մեր կառավարության գոյությունը ՀՀ-ում նշանակում է ՀՀ քաղաքացու հավատն ու վստահությունն ինքն իր և իր ապագայի նկատմամբ:
Մեր կառավարությունն ընդամենը էդ հավատի սիմվորն ու արտահայտությունն է: Եվ մենք մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացին ինքն իրեն հավատա տնտեսության, քաղաքականության, գիտության մեջ, իր դարդերը ոտնատակ տալու, իր խեղճությունը հաղթահարելու մեջ: Եվ մեզ ասում են՝ դուք պատասխանատվությունը քաղաքացու վրա եք գցում, ասում են՝ ամեն մարդ չի կարա բիզնեսով զբաղվի:
Այստեղ է, որ բախվում է հին ու նոր մտածողությունը, ա՛յ, բիզնեսով մենակ առանձնահատուկ մարդիկ կարան, ովքեր ունեն դաբրոներ, ովքեր ունեն ախպեր, ախպոր ախպեր, ախպոր ախպոր ախպոր ախպեր, կիլլերներ, մաֆիոզ կապեր, ո՞նց կարա ամեն քաղաքացի զբաղվի բիզնեսով, ամեն քաղաքացի չի կարող ՀԴՄ պահանջել, որովհետև քաղաքացին ո՞վ ա, որ ՀԴՄ պահանջի, և ա՛յ, վարչապետը, ա՛յ, կառավարությունը, ա՛յ, կառավարության ծրագիրը: Եվ դուք ուզում եք ասել, որ դեմ եք սուպերվարչապետական համակարգի՞ն: Երեք օր դուք քարոզում եք, որ էս երկիրը պետք ա լինի սուպերվարչապետ… ոչ մեկը ոչ մի բան չի կարող անել, ա՛յ, կլինի վարչապետ, կլինի կառավարություն, մեղրը կարտահանի, փեթակը տեղից տեղ կտեղափոխի, կարմրախայտի հարցը կլուծի, բոլոր հարցերը կլուծի՝ ով ինչ արտահանի, ով ինչ արտադրի:
Ա՛յ դա երկիր ա, թե չէ ի՞նչ եք եկել… ու դուք ասում եք, որ սուպերվարչապետական համակարգին դե՞մ եք: Հիմա էլ ասում են՝ ինչ եմ ես ասում, ասում եմ՝ աղքատությունը գլուխներում է: Ոմանց լրատվամիջոցում վերնագիր ա դառնում՝ «Եթե աղքատ ես, մեղավոր ես»:
Ասում եմ՝ աղքատությունը մեր գլուխներում ա: Ես սա ասում եմ՝ որպես մի մարդ, որ էդ ամբողջ ճամփեն ծերից ծեր անցել ա, և սա ասում ա մի մարդ, որը 1991թ.-ին, երբ Երևանի պետական համալսարանի ուսանող ա դարձել, իրա ընտանիքն ի վիճակի չի եղել իր ուսման վարձը վճարի, և ես ասում եմ՝ այո, աղքատությունը գլուխներում ա, և ես ասում եմ՝ որպես մի մարդ, որ իմ գլխում հաղթահարել եմ, հասկացել եմ, թե ինչ ա նշանակում՝ քաղաքացի: Ու հետո էլ գալիս-ասում են, որ էս կառավարությունը ոնց որ թե ուզում ա հին իշխանության վրա գցի ամբողջ բեռը, ու հիմա էլ գալիս ասում են, որ, ու ըստ էության հնարավոր ա՝ բացահայտում են իրանց հիմնական առաքելությունը, սենց սոուսով, դե հա, մի ժամանակ Սերժ Սարգսյանին էին մեղադրում, մի ժամանակ՝ Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, հիմա՝ Նիկոլ Փաշինյանին: Հա, դե ո՛չ Նիկոլ Փաշինյանն ա մեղավոր, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը: Հասկացաք, չէ՞: Հիմնական նախադասությունը հնչեց՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ մեղավոր չի էսօրվա կառավարությունը: Էս ա, բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե էս ինչի մասին են էս մարդիկ խոսում»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նշելով, որ, եթե պարզ չի, թե Սերժ Սարգսյանն ինչով է մեղավոր, վարչապետը հայտարարեց. «Մեղավոր ա նրա համար, որ ասում էր՝ ամեն մարդ չի կարա բիզնես անի, ով կգա, կկզի, կմուծվի, նա բիզնես կանի: Դրանում ա մեղավոր, որ ախպերը ամեն տեղ 50% փայ էր մտած, դրանում ա մեղավոր: Ու չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ և իրանց դնել նույն հարթության վրա: Ձեզ ու իրանց դրեք նույն հարթության վրա: Որովհետև դուք 2018-ին էլ էիք նույն բանն ասում՝ ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում, մենք ո՞նց կարանք անձերի դեմ պայքարենք, ա՛յ, գնանք փոխնախարարի պաշտոններ ստանանք, ներսից կամաց կառուցենք: Հիմա եկել են, դառել են հեղափոխության հիմնական արբիտրաժը՝ ով ա հավատում, ով չի հավատում: Իրանք էլ հեղափոխական հավատաքննիչն են: Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել: Հըլը մի հատ դեմներդ ու կողքերդ նայեք, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած»:
Խորհրդարանական մեծամասնության ծափողջույններից հետո Փաշինյանը շարունակեց. «Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, որովհետև որտեղ ձեր քաղաքական բովանդակությունն առաջ էր ստեղծվում, հիմա նույն տեղը ստեղծվում ա: Իհարկե, չի եղել: Խոսում եք արտաքին անկախ քաղաքականության, Հայաստանի ինքնության ու բանի մասին, ու ձեր հիմնարկի դեմը տնկում եք ՀՀ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դրոշը, մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք ա արտաքին քաղաքականությունը հավասարակշռել: Բա Ռուսաստանի դրոշը խի՞ չեք կախել հավասարակշռելու համար, էլ չեմ ասում՝ Վատիկանի դրոշը:
Մենք չենք եկել մեր ժողովրդին խաբելու ու չենք պատրաստվում մեր ժողովրդին խաբել: Էդ ա հին մտածողությունը, որ, ժողովուրդ ջան, չեք կարա բիզնես անեք, ՀԴՄ մի պահանջեք, աշխատելու մասին մի մտածեք, պառկեք հանգիստ ձեր դիվաններին, էս ա՝ կգա ընտրությունը, ձեթը կբերենք, պեսոկը կբերենք, 5000 դրամ էլ վրից կտանք: Քեֆ արեք, քեֆ արեք, ժողովուրդ ջան, էս ա կյանքը, թե չէ եկել ա կառավարություն, ասում ա՝ պետք ա աշխատել: Արա, էս ի՞նչ ա կատարվում, բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն արել:
Կռիվ են անում, ասում են՝ թիվ չկա թիվ չկա, հետո ասում են՝ հակահեղափոխականները, վսյո ժը, 5%-ը լավ թիվ չեն գրել: Ընտեղ, որտեղ թիվը լավն ա, ասում են իրատեսական չի, էս ինչ կենացային թիվ եք գրել: Էնտեղ որտեղ թիվ չկա, ասում են՝ էս ինչ խայտառակություն ա, իսկ Կիկոսի մահի վարկածի մասին չեմ խոսում: Տեղական ինքնակառավարման մարմինների մասին բան չկա, սա նշանակում է, որ տեղական ինքնակառավարումը Հայաստանում մեռնում է և նոր սպառնալիքի ներքո է: Վսյո, փակվան, տեղական ինքնակառավարման մարմինները: Մի տարի առաջ էլ ասում էին՝ Հայաստանում բռնապետական կարգեր է հաստատվում, անձի պաշտամունք, բռնապետական համակարգ: Էսօր ինչ-որ չեն խոսում, ո՞ւր ա անձի պաշտամունքը, ո՞ւր ա բռնապետական համակարգը: Մի հատ էլ տղայական բան՝ ասում ա՝ ձեր ոստիկանության պետին ասեցին լակոտ, դուք չպաշտպանեցիք: Հա, ոհմակը պիտի հարձակվեր, պիտի պադեզդներում ծեծեին, պիտի իրիկունները ընտանիքի անդամներին զանգեին տեռորի ենթարկեին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա հարցադրում արեց՝ ո՞րն է լինելու կառավարության գործառույթը, և հույս հայտնեց, որ հարցի պատասխանը շատ հստակ է: Ըստ նրա՝ բացի գաղափարական մասի, կառավարության գործառույթը լինելու է ճանապարհներ կառուցելը, ենթակառուցվածքներ ապահովելը, օրինականություն ապահովելը, կրթության հնարավորություն ապահովելը ոչ միայն երեխաների համար, այլև հասունների և մեծահասակների համար՝ ովքեր կուզեն:
Անդրադառնալով ազգայինի խնդրին՝ Ն.Փաշինյանը մեջբերում արեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրից. ««Իմ քայլը» դաշինքը շարունակելու է լրջագույն ջանքեր գործադրել` հասնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը՝ հիմնված օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության և կիրառելիության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանման և զարգացման, հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության իշխանության կրողի անօտարելի լծակներով օժտելու, Հայաստանի՝ հայ ժողովրդի բնակության և զարգացման լավագույն և ամենագերադասելի վայրի կարգավիճակը վերահաստատելու հրամայականների վրա»: Ըստ վարչապետի՝ վերջին ամիսներին ազգայինի թեման շատ է շրջանառվում և պետք է շատ լուրջ ճշգրտումներ մտցնել՝ ի՞նչ է դա նշանակում.
«Ես կարծում եմ՝ էն մարդիկ, որոնք փորձում են Հայ առաքելական եկեղեցին պաշտպանել ինչ-որ բանից, կամ ինչ-որ մեկից, պետք է Հայ առաքելական եկեղեցու պատմությունն իմանան և որոշ կարևոր դրվագներ: Օրինակ՝ ավանդական մտածողության մեջ Պապ թագավորը Հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից մեկն է: Բայց այսօր մենք Հայ առաքելական եկեղեցի ունենք Պապ թագավորի շնորհիվ, որն ասեց՝ եղբայր, մենք պետություն ենք, մենք կարիք չունենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը գնա Կեսարիայում օծվի:
Մենք երկիր ենք, ունենք թագավոր, ունենք մայրաքաղաք, ունենք հոգևոր դաս և մեր կաթողիկոսը պետք ա օծվի մեր հայրենիքում: Եվ դիմադրում էին, մատնագրեր էին գրում Հռոմ՝ Պապ թագավորի վրա: Երկու անգամ դավադրություն արեցին, մեկից կարողացավ, պլստաց, մյուսից չկարողացավ պլստալ և սպանեցին: Հիմա ազգային դպրոց ասելով մենք ի՞նչ ի նկատի ունենք: Ազգային դպրոցն էն ա, որ մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի նկարը կախում են, ու տակով անցկացնում են, դռներն էլ փակում են, որ երեխեքը հանկարծ և ուսանողներն իրենց կարծիքը չկարողանան արտահայտե՞ն: Է՞դ ա ազգային դպրոցը: Ո՞րն ա ազգային դպրոցը, որ էսօր մենք խոսում ենք, որ մեր երեխեքը դպրոցն ու բուհը ավարտում են առանց գիտելիքի՞: Է՞դ ա ազգային դպրոցն ու բուհը: Երբ գալիս ասում են՝ երեխեն երկու բարձրագույն կրթություն ունի, չի կարում աշխատանք ստանա, ասում ես՝ բա քանի՞ օտար լեզու գիտի, դե, ասում ա, ռուսերեն մի քիչ խոսում ա, անգլերեն մի քիչ խոսում ա: Էս ա՞ ազգային դպրոցը: 21-րդ դարում մարդը, ով երկու առնվազն լեզու չգիտի, բաձրագույն կրթություն չունի, ուզում ա 65 հատ դիպլոմ ունենա: Չի կարա լինի էդպիսի բան: Եվ մենք պետք ա հասկանանք՝ ինչ խնդիր ենք դնում լուծելու:
Ես ինձ համարում եմ խորը հավատացյալ մարդ, ես ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ընդ որում՝ հավատարիմ հետևորդ, բայց հիմա ես կարծում եմ՝ նույն ժամանակներն են պատմական նույն կոնտեքստով, ինչ Պապ թագավորի ժամանակ: Ի՞նչ էր ասում, ժողովուրդ ջան, ասում էր՝ պետք ա հարկ վճարել, ասում էր՝ էդ որ մեր երկրի տղամարդկանց ու կանանց բոլորին տարել եք, լցրել վանքերն ու կուսանոցները , բա մեր երկրի համար ո՞վ պիտի աշխատի, բա մեր երկրի բանակի զինվորը ո՞վ պիտի լինի, ասում էին՝ դու դավաճան ես, ապազգային ես: Բա մենք էլ ենք ասում՝ հարկ պիտի վճարեք, ժողովուրդ ջան, նեղանում են: Ասում են՝ քննադատվեց: Ո՞վ քննադատեց: Էդ որ ասում եմ մինչև ՀԴՄ չլինի, էդ բանի շենքը չի կառուցվելու, քննադատե՞ց: Ո՞վ քննադատեց: Այսինքն՝ որևէ մեկը մտածում ա, որ
Հայաստանում առանց օրինականության հատատման բարեկեցություն ա լինելո՞ւ, թե՞ էլի ուզում են սուպերվարչապետական համակարգը, որ ասեն՝ ա՜, պատգամավորը ասեց շենքը վթարային ա, Պողոսիկ մի հատ արագ էդ հարցերը լուծես, դե գիտես, էնտեց կեսն էլ կուսակցություն պետք ա մտնի, հետո ընտրություններում ցուցակ-մուցակ: Էդ ա՞ ձեր ուզած համակարգը: Էսօր Հայաստանում 4-րդ կարգի վթարային 55 շենք կա և բոլորում մարդիկ են ապրում և դրա համար պետք ա 15 մլրդ դրամ: Թոշակները 5000 դրամով բարձրացնելու համար պետք ա 30 մլրդ դրամ: Եվ ես ասում եմ, այո, ով ՀԴՄ չի խփում՝ և՛ քաղաքացին, և՛ խանութի աշխատողը, մեր բանակի մարտունակությունն ա գցում: Էն ժամանակ ասում էին՝ թալանչի են, իշխանությունը թալանչի են, հիմա մենք ասում ենք, ես անձամբ ոչ մի անձնական նպատակ էս գործի մեջ չունեմ: Հա, կարևորը, հիմա էլ կոռուպցիա կա, ասում ա՝ հովանավորյալին նշանակել ես ռեկտոր: Դե, կա՛մ ապացուցեք, որ հովանավորյալ ա, կա՛մ էս ամբիոնից ներողություն խնդրեք: Ասում ա՝ ռեկտորը 800 հազար դրամ իրան աշխատավարձ ա նշանակել, ոչինչ, որ էդ ռեկտորը ևս 300 հոգու աշխատավարձ ա բարձրացրել , այսինքն՝ ազգային կրթության հենասյունը պիտի 800 հազար դրամ աշխատավարձ չստանա, այլ պիտի մի հատ «Ճ» կլասի միջազգային կազմակերպություն կարենա գա էդ մարդուն 5 անգամ ավել աշատավարձ տա»:
Անդրադառնալով ԵՄ-ի թեմային՝ Ն.Փաշինյանը հայտարարեց. «Աշոտյանից պրծանք, հիմա էլ… ԵՄ հետ պայմանագիրը չի իրականացվում: Ասենք, դուք վերջին անգամ, չեք լուսաբանե՞լ, էդ Եվրամիության պաշտոնյաները գալիս, ասուլիս են տալիս: Չե՞ք լսում իրանք ինչ են ասում, չե՞ք լսում իրանց գնահատականները: Կամ, ընդհանրապես, խաբար չե՞ք միջազգային հանրությունն էսօր ինչ կարծիք ունի Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների մասին: Ոչ թե մարդիկ են մտածում, որ Հայաստանում ոչ մի բան չի փոխվել, այլ ոմանք իրանց առաջ… և իմիջիայլոց, բացառիկ դեպք, որ միջազգային կազմակերպությունները կիսում են կառավարության գնահատականները մեդիայի վիճակի հետ կապված. երեկ ես մկիջազգային բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով ստացել եմ հետևյալ մեսիջը, որ մենք ձեր գնահատականը կիսում ենք ամբողջությամբ, որ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների 90%-ը գտնվում ա նախկին կոռումպացված ռեժիմի հսկողության տակ: Եվ միջազգային հանրությունը բարձր ա գնահատում, որ Հայստանի կառավարությունը ջանքեր չի գործադրում նույնիսկ նվազագույն, որ էդ զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ որևէ ձևով վերահսկողություն սահմանի: Բա Եվրամիության հետ էս թեմաներով չեք խոսո՞ւմ:
Ասում են՝ փորքամասնության կարծիքը չեն լսում, հետո էլ ասում են՝ արագաչափերը չհանեցիք: Բա երբ խնդիր գնաց արագաչափեր հանելու, հանրության մի մասը ալեկոծվել էր, ասում էր՝ ժողովուրդ ջան, հոպ, մի րոպե, էս մեքենաների հոսքը էսքան մեծանում ա, և այլն, էդ արագաչափերը որ հանեք, մենք կարող ա ունենանք զոհերի մեծ թիվ: Մենք էլ ասեցինք՝ լավ, էնքան որ մենք ինչ-որ բան դրա մասին ասել ենք, չբռնենք հնձենք առանց որևէ սրա ավելի խորը ուսումնասիրության: Եվ արեցինք ամենակարևորը՝ 13.5 մլրդ մարդկանց տուգանքները ներեցինք: Երկրորդը՝ տեսախցիկների գործունեության սկզբունքը փոխեցինք, որ նախկին տրամաբանությամբ չաշխատի: Հաջորդը՝ որոշում կայացրինք, և դա ծրագրում գրած ա, ի դեպ, որ մենք պետք ա դադարենք տուգանվողների հասարակություն ունենալուց, և մենք հիմա շատ լուրջ բարեփոումներ ենք իրականացնում, որ իսկապես կարգուկանոն կհաստատի ճանապարհներին:
Կամ ներքին գործերի նախարարության հետ կապված՝ եթե լիներ ներքին գործերի նախարարություն, ներքին գործերի նախարարը լինելու էր ստեղ նստած, էդ վատ կադրերից մեկը, որովհետև դա քաղաքական նշանակում ա: Երբ փոքրամասնությունն ասում ա, է, փորքմասնությունը հո մենակ դուք չեք, էլ ուրիշ մարդ չկա՞ էս հանրապետությունում, երբ ասում են, որ 90-ականների սկզբից վատ պրակտիկա կա, որ երբ ուժային կառույցի գլխին լինում ա քաղաքական դեմք, քաղաքական պրոցեսը որոշակի դեֆորմացիաների ա ենթարկվում:
Եկեք վերլուծենք, չկա տենց խնդիր, վաղն էլ անենք: Եկեք, հրավիրում ենք: Ես որևէ խնդիր չունեմ ընդհանրապես: Եթե որևէ մեկին թվում ա, թե նախարարը պակաս ենթակա ա վարչապետին, քան վարչապետին ենթակա մարմինը, ինքը լավ չի պատկերացնում կառավարման համակարգը, առավել ևս՝ ինձ լավ չի պատկերացնուն, որ ստեղից ասում ա՝ վարչապետին ստիպել են, որ էդ 5%-ը գրեն: Թան էլ չէ, փրթած մածուն: Հա, վարչապետին ստիպել են, մի քանի հոգի կային վարչապետին ստիպող»:
Անդրադառնալով զինվորական թոշակառուների բնակարանների հարցին՝ Ն.Փաշինյանն ասաց. «Հա, ասում են՝ էդ վարկերը որ վերակառուցել եք, էդ դժբախտություն ա, տոկոսներն ավելացել են: Բայց դուք գիտե՞ք էդ որոշման բովանդակությունը: Նախ՝ տոկոսները 8%-ով նվազել է, և կառավարությունը 2% սուբսիդիա է տալիս: Այսինքն՝ 10%-ով տոկոսները նվազել են: Ուրեմն զինվորական թոշակառուների գործը 10 տարի Հայաստանում մեռյալ կետից չի շարժվել:
5.8 մլրդ դրամ Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշում են կայացրել, տվել, ուրեմն, ժողովուրդ ջան, էդ ծրագրի շահառուն 1200 զինվորական թոշակառու ա, որոնցից ավելի քան 800-ն ապրում են մարզերում: Եվ էդ մարզերի շատ մեծ մասում 5 մլն դրամով հնարավոր ա 2-3 սենյականոց բնակարան գնել: Հիմա եկել, ասում են՝ վատ եք արել: Այո, Երևանում ապրող մեր սիրելի սպա կենսաթոշակառուների համար դա բավարար չի, և մենք իրանց չենք ասում՝ ձեզ էդ 5 մլնն ենք տալիս… ասում ենք՝ էս պահին կարող ա մարդ կա, իրան հարմար ա, թող ինքն օգտվի ում հարմար ա, հետո կտեսնենք ում հարցը մնաց չլուծված, հաջորդ փուլում էլ իրանց հարցը կլուծենք: Վատ բան ենք անո՞ւմ, չեմ հասկանում:
Այսինքն՝ մենք պատկերացնում ենք Նոյեմբերյանում ապրող զինվորականին, ով էսօր կարող ա 5-6 մլն դրամով 3 սենյականոց, նույնիսկ տեղ-տեղ 4-սենյականոց բնակարան գնի, ասենք՝ քեզ չենք տալիս, մինչև Երևանի կենտրոնում քեզ համար տուն չկարողանանք ապահովել, է մարդը չի ուզում Երևանի կենտրոնում ապրել, կամ չի ուզում սպասել մինչև մենք իրան Երևանի կենտրոնում բնականար կապահովենք: Վատ բան ենք անո՞ւմ»:
Ն.Փաշինյանը խոսեց նաև կառավարության ձախողումից. «Բոլորը գալիս ասում են՝ մենք չենք ուզում կառավարությունը ձախողի… գիտեք, ես լսում էի, հիմա կառավարությունը փախած ձախողվում ա, ընկել են հետևից, բռնել են, ասում են՝ մի ձախողվի, չենք թողնում քեզ ձախողվես:
Չնայած մյուս կողմից, ասեմ ես ձեզ, ես շատ բարձր եմ գնահատում էս համակարգի ու միջավայրի դերը: Ես ինքս ասացի,ո ր էս քննադատությունները, քննարկումները, ինձ համար շատ կարևոր են, որովհետև ես կարծում եմ, որ նույնիսկ եթե քննադատությունը ռացիոնալ չի, անարդար ա ծերից ծեր, ինքը օգտակար ա, որովհետև դա դաստիարաակում ա: Ես համարում եմ, որ 3 օր ստեղ նստած, լուռ լսել եմ էն, ինչ հնչել ա, լավ ա ասվել, վատ ա ասվել, ինչ-որ ասվել ա: Ասում ա՝ էն, ինչ չի սպանում մեզ, ուժեղացնում ա: Դա դաստիարակում ա, և՛ քննադատությունը լուռ լսելը, և՛ փորձել սեփական մտքի մեջ վերլուծություն անել, էդ էլ ա շատ կարևոր հատկանիշ, հատկապես՝ վարչապետի համար»:
«Այո՛, մեր կառավարությունը ծրագրում չի գրել Որոտանի կարմրախայտի մասին, բայց կարմրախայտի մասին գրեր, գրած չէր լինելու սազանի մասին, սազանի մասին գրեր, տաստալոբի մասին գրած չէր լինելու, տաստալոբի մասին գրած լիներ, բեղլուի մասին գրած չէր լինելու: Գիտեք, էլի հասկանում եմ, բայց գալ ինձ ասել՝ Որոտանում կարմրախայտ չկա, Որոտանի կարմրախայտերը ե՞ս եմ կերել: Եվ այստեղ է քաղաքացին, Որոտանի էլ, Աղստևի էլ, մյուս տեղերի էլ, էդ որ տոկը, դինամիտը գցում են, պայթացնում են, տանում են, ուտում են, քեֆ են անում, այ ստեղ ա քաղաքացին: վաղը որ բռնենք էդպիսի մեկին, գալու եք ասեք՝ սոցիալապես անապահով ընտանիք էր, ինչի թույլ չեք տալիս կարմրախայտը բռնել: Բա հենա սիգայի սեզնին որ փակում ենք, դուրս են գալիս մարդիկ ճանապարհը փակում են, չէ՞:
Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, մի հատ բացատրեք, ի՞նձ համար ա էդ սիգան, հիմա որ ուզում ենք էդ սիգան սեզոնին նորմալ ձվադրի, ի՞նձ համար եմ դա անում: Կարող ա՞ ախպերս փայ ա մտել սիգայի գործի մեջ 50%, ինձ չեք ասում, որ տրամադրությունս չընկնի: Բայց էդ սիգան ձեր համար ա, ասում ենք՝ նենց լինի, որ մի տարում դուրս չգա: Նստենք, քննարկենք»: