
Պետբյուջեով կրթության ոլորտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հերքում է մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե պետական բյուջեում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն վճարվում ուսուցիչների աշխատավարձերը։
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կրթության ոլորտի ֆինանսավորումն իրականացվել է ամբողջ ծավալով:
«Ներկայում հանրապետությունում գործող ավելի քան 1400 պետական հանրակրթական դպրոցներից և նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ընդամենը մի քանիսում են առկա աշխատավարձի ուշացման դեպքեր, ինչը պայմանավորված է պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ գանձապետական համակարգի անցման գործընթացում ի հայտ եկած տեխնիկական որոշ խնդիրներով, որոնք օպերատիվ կերպով լուծվում են:
Հավելենք, որ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի՝ աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը»,- ասված է ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հայտարարության մեջ: