Բաժիններ՝

«Կտավները դպրոցներ կտեղափոխվեն հատուկ մեքենաներով՝ մասնագետների ու ոստիկանության ուղեկցությամբ». Պատկերասրահի փոխտնօրեն

«Սկզբում բոլորիս մոտ էլ մտավախություն կար, ինքս էլ մտավախություն ունեի, թե որքանով կապահովվի տվյալ ստեղծագործության անվտանգությունն ու մնացած բաները։ Մանրամասն քննարկումներ են եղել: Արդյունքում ստացվելու է այնպես, որ անվտանգության բոլոր նորմերը պահվելու են, և արվեստի գործերը դպրոցներ են տարվելու շատ կարճ ժամանակով՝ մասնագետների, ոստիկանության ուղեկցությամբ։ Արվեստի այս կամ այն գործը տեղափոխվելու է հատուկ մեքենայով, որոնք այսօր Հայաստանն ունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ազգային պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ թանգարաններից արվեստի գործերը պետք է դուրս բերեն և տանեն դպրոցներ՝ երեխաներին ծանոթացնելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետև դպրոցներում սովորող երեխաները թանգարաններում պահվող մշակութային արժեքներին կկարողանան ծանոթանալ հենց դպրոցներում, քանի որ նախատեսվում է պարբերաբար թանգարաններից որևէ արժեքավոր ստեղծագործություն տեղափոխել դպրոց և ներկայացնել երեխաներին։
«Սա իմ ամենասիրած նախաձեռնությունն է, գիտեք, որ Կրթության և մշակույթի նախարարությունները իմ հանձնարարությամբ, ես էլ եմ մասնակցել, ձեռնարկել են «Քո արվեստը» ծրագիրը, որի իմաստն այն էր, որ մասնավորապես՝ շատ հայտնի կտավներ թանգարաններից տարվեն դպրոցներ և երեխաներին ցուցադրվեն։ Ընդ որում, այստեղ շատ լուրջ նպատակ ու գաղափար կա։

Գաղափարն այն է, որ, պատկերացրեք, որ դպրոցի բակ է մտնում հատուկ ազդանշաններով, պետավտոտեսչության ուղեկցությամբ  մեքենա, այդ վիճակում երեխաները սովորել էին տեսնել բարձրաստիճան պաշտոնյաների կամ, այսպես կոչված, օլիգարխների։ Բայց այս դեպքում կանգնում է մեքենան, և այդ մեքենայից դուրս է բերվում մի կտավ, ասենք՝ ինչ-որ չափի։ Սրա իմաստն ու հիմքն այն է, որ երեխաներին այսօրվանից ներարկենք արվեստի կարևորությունը, որ իրականում կան հոգևոր և մշակութային արժեքներ, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան մի շարք արժեքներ, որոնց մասին, ցավոք սրտի, միֆական պատկերացումներ են ստեղծվել։

Մեր այս նախաձեռնությանը եղան մի քանի արձագանքներ, օրինակ՝ արձագանքողներից  մեկն ասում էր՝ ինչպե՞ս կարելի է նկարը հանել թանգարանից, չէ՞ որ այն ազգային հարստություն է։

Կարդացեք նաև

Մշակույթի մասին ահա այսպիսի երկու տարբեր պատկերացումներ կան, մեկի համաձայն՝ մշակույթային արժեքը պետք է պահվի պահեստում, և այն քիչ մարդ տեսնի, ի դեպ, ասեմ, որ մեր երկրում կան պետական բյուջեով ֆինանսավորվող թանգարաններ, որտեղ, օրինակ՝ 10-15 հոգի մարդ է մտնում, բայց պետական բյուջեով այդ թանգարանը ֆինանսավորում ենք, լավ ենք անում, բայց ահա գործում է այն տրամաբանությունը, ըստ որի՝ դա ազգային արժեք է, որի հետ հնարավորինս քիչ մարդ պետք է հաղորդակցվի։ Իսկ մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք, որ այդ ազգային արժեքը պետք է մոտեցնենք մարդկանց»,- ուղիղ եթերում ասել էր ՀՀ վարչապետը։

Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում կա նման միտում, երբ թանգարանը դուրս է գալիս իր պատերից և տարածվում հասարակության մեջ, որի հետևանքով՝ թանգարան-հասարակություն կապն ավելի է ակտիվանում։ Եվ, ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը նմանատիպ քայլ է, որը «պետք է դրական արդյունք տա»։
«Հստակ դեռևս ոչինչ չկա, կա գաղափարը, որը քննարկվում է, սակայն կոնկրետություն այս պահին չկա։ Ծախսերի տեսանկյունից, իհարկե, ծախս կլինի, սա կարելի է դիտարկել՝ որպես մշակութային գովազդ, իսկ ցանկացած գովազդ ծախսեր է պահանջում։ Դեռևս նախորդ տարվանից մեկնարկել է բաժանորդային համակարգը, որի արդյունքում դպրոցականներն ակտիվ գնացին թանգարաններ, այդ թվում՝ նաև մեզ մոտ։ Այդ ծրագիրը միանշանակ ողջունելի ծրագիր է, քանի որ վաղուց ի վեր նման բան չէր եղել։ Գրեթե ամեն օր ունենում ենք խմբեր, բավականին ակտիվ են»,- ասաց Ս. Հովհաննիսյանը։

Սամվել Հովհաննիսյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք գերատեսչություններում գտնվող կտավները վերադարձվել են Պատկերասրահին, քանի որ նախորդ տարի Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ բոլոր գերատեսչություններում պահվող նկարները պետք է վերադարձվեն թանգարաններին։

«Այդ հայտարարությունից հետո նկարների վերադարձի աշխատանքները սկսվեցին և որոշ աշխատանքներ բերվեցին Պատկերասրահ, այսօր էլ գործընթացը շարունակվում է, իհարկե սա երկարատև աշխատանք է»,- նշեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե վերադարձրած նկարներն ի՞նչ վիճակում են եղել, Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց, որ  երբ որևէ ստեղծագործություն ի պահ է տրվում այս կամ այն կառույցին, դրա մասին չեն մոռանում, քանի որ Պատկերասրահն ունի կցված մասնագետ, որն ամիսը մի քանի անգամ այց է կատարում և տեսնում նկարները։ Եթե խնդիրներ են լինում՝ բարձրաձայնում է, և դրանք լուծվում են։ Իսկ ընդհանուր առմամբ, նկարները Պատկերասրահ են վերադարձրել նորմալ վիճակում։

Հաջորդ հարցին, թե Պատկերասրահից կտավներից ամենաշատը ո՞ր գերատեսչությունում է պահվում, Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց, որ կտավներ տարբեր տեղերում են՝ ՀՀ նախագահականում, Ազգային ժողովում, Կառավարությունում, ԱԱԾ-ի ընդունելությունների տանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս