«Դասո սիսթեմս»-ի ներկայացուցիչները ապրիլին կայցելեն Հայաստան

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցները, մասնավորապես, ընդգծել են կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժն ու համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը՝ ի դեմս իր կրթական, նորարարական ու գիտական հաստատությունների, լավ գործընկեր կարող է լինել։ Համաձայնություն է ձեռք բերվել ապրիլին Հայաստան այցելության մասին՝ որոշակիացնելու համար գործակցության կոնկրետ ծրագրերը։

«Դասո սիստեմս»-ը գործում է «Dassault Group» խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմարդյունաբերական ոլորտի, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանության, էներգետիկայի ոլորտների համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։

Նախագահը կմասնակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության  90-րդ Ընդհանուր ժողովի աշխատանքներին։ Արմեն Սարգսյանը 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է:

Տեսանյութեր

Լրահոս