Բաժիններ՝

«Մեզ մոտ բիզնեսն ազատականացվում է, գործազուրկները կարող են զբաղվել բիզնեսով». փորձագետ

ՀՀ կառավարության կողմից 2018թ. դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է՝ որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

168.amի հարցին՝ որքանո՞վ է նպատակահարմար նման որոշում ընդունելը, քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց.

«ԵՊՀ-ի հետ կապված առայժմ չունեմ մեկնաբանություն, քանի որ դեռ վեճ է ընթանում, և կողմերը միմյանց ապացուցելու խնդիր ունեն: Կյանքը ցույց կտա, թե ի՞նչն էր ճիշտ, ի՞նչը՝ սխալ: Բայց, ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ պետական համակարգը պետք է կրճատվի, այն ուռճացված է: Երեք հոգով մեկ հոգու գործ են անում: Ղեկավարները շատ են, աշխատողները՝ քիչ:

Այս հարաբերակցությունը պետք է բերվի բանական բալանսի: Մեզ պետք է էֆեկտիվ կառավարման համակարգ: Իշխանությունն ունի մանդատ՝ վճռական քայլեր անելու: Մեզ մոտ բիզնեսն ազատականացվում է, գործազուրկները կարող են զբաղվել բիզնեսով: Ամեն դեպքում, գործազուրկ չլինելով՝ նրանք հարկատուների հաշվին, առանց որևէ օգուտի, չպետք է վարձատրվեն: Զբաղվե՛ք բիզնեսով ու ինքներդ հարկ վճարեք»:

Կարդացեք նաև

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նկատեց. «Մեր քաղաքական թիմը չի գնում այն ճանապարհով, որ պոպուլիստական որոշումներ ընդունելով՝ հաճո լինի ժողովրդին: Մենք կարծում ենք, որ այս ճանապարհը ճիշտ է: Պետական համակարգում եթե կան աշխատողներ, որոնք օգուտ չեն տալիս, այդ հաստիքները պետք է կրճատվեն:

Գիտաշխատողներ են, չէ՞, կրճատվում: Կհայտարարվի մրցույթ, թող աշխատեն ու ցույց տան, որ իրենք ավելի մրցունակ են, օգուտ են տալիս իրենց ընտանիքներին ու պետությանը: Բա ո՞նց անենք, լավ: Շատ գործազուրկներ ունենք, դե եկեք նախարարություններում, քաղաքապետարանում աշխատողների թիվն ավելացնենք, գործազրկությունը վերանա, բա հետո՞»:

Նշենք, որ որոշման համաձայն՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) թվով 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը։ Օրեր առաջ նրանք ծանուցումներ են ստացել, որում ասվում է՝ մարտի 31-ից ազատված են աշխատանքից։ ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա:

Այդ ենթակառուցվածքներում աշխատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն, կանգնած են աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլևս չկա բազային ֆինանսավորում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս