
Ամերիկացիների կեսից ավելին Թրամփին դեմ կքվեարկեր 2020 թվականի ընտրություններում. Politico

Ամերիկացիների կեսից ավելին վստահորեն հայտարարում է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփին դեմ կքվեարկեր հաջորդ ընտրություններում, որոնք նշանակված են 2020 թվականի նոյեմբերին: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման՝ փետրվարի 5-ին հրապարակված տվյալները, որը համատեղ անցկացվել է Politico թերթի եւ Morning Consult ընկերության կողմից:
Այդ հետազոտության արդյունքների համաձայն, որը պատրաստվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով Թրամփի հանդես գալու նախաշեմին, հարցվածների 52 տոկոսը չի կասկածում, որ կքվեարկեր ոչ թե գործող նախագահի, այլ ուրիշ թեկնածուի օգտին: Եվս 6 տոկոսն ասել է, թե, հնարավոր է՝ կքվեարկեր Թրամփի դեմ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարին կպաշտպաներ ամերիկացիների միայն 26 տոկոսը, եւս 10 տոկոսը, հավանաբար, կքվեարկեր նրա օգտին: Բացի այդ, հարցման մասնակիցների 65 տոկոսը հայտարարել է, որ հավանություն չի տալիս նախագահի պաշտոնում Թրամփի աշխատանքին, այդ թվում՝ 44 տոկոսը վճռականորեն հավանություն չի տալիս:
Հակառակ տեսակետն է պաշտպանում 41 տոկոսը, որոնցից ներկայիս ղեկավարին վճռականորեն պաշտպանում էմիայն 23 տոկոսը:
Հետազոտությանը, որն անցկացվել է փետրվարի 1-2-ին, մասնակցել են որպես ընտրողներ գրանցված 1933 ամերիկացիներ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսային կետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: