Բաժիններ՝

«Germania Airlines» ընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը կվերադարձնի գնված տոմսերի գումարները

Երեկ՝ փետրվարի 5-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնել էին, որ դադարեցվել է Երևան-Բեռլին ուղիղ չվերթը։ Չվերթն ապահովում էր «Germania Airlines» ընկերությունը, որը հայտնել էր իր սնանկության մասին, որի արդյունքում էլ չեղարկվել էին ավիաընկերության բոլոր չվերթերը։

Այս հայտարարությունից անմիջապես հետո ավիաընկերության հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Սիդոն Թրևել Երևանի» տնօրինությունը հայտնել էր, որ կատարվում են հաշվարկներ, որպեսզի ընկերությունը վերադարձնի գնված տոմսերի գումարը:

«Վերադարձվում են այն ավիատոմսերի գումարները, որոնք գնվել են անմիջապես «Սիդոն Թրևելի» գրասենյակից և մեր գործընկեր (ենթագործակալ) ընկերություններից»,- նշված էր հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է այն անձանց, որոնք իրենց տոմսերը գնել են օնլայն կայքերից կամ գերմանակական տուրիստական ընկերությունից, «Սիդոն Թրևել Երևանի» տնօրինությունը հորդորել էր տոմսերը վերադարձնելու համար դիմել հենց այդ ընկերություններին։ Ըստ նրա՝ օնլայն տոմս գնած անձինք պետք է դիմեն բանկ և սնանկության փաստարկը ներկայացնելով՝ պահանջեն, որպեսզի բանկի կողմից գումարը հետ կանչվի։

Կարդացեք նաև

Քաղավիացիայի կոմիտեից 168.am-ին տեղեկացրեցին, որ գերմանական ավիաընկերության երևանյան պաշտոնական ներկայացուցիչը վերադարձնելու է քաղաքացիների կողմից գնված տոմսերի գումարը:

«Ընկերությունը հայտարարվել է սնանկ, այս պահին հաշվարկներ են կատարվում՝ հասկանալու համար, թե ինչ է լինելու ավիաընկերության ճակատագիրը»,- նշեց Քաղավիացիայի աշխատակիցը։

Հարցին՝ Քաղավիացիան պատրաստվո՞ւմ է  բանակցություններ սկսել այլ ավիաընկերության հետ, որպեսզի վերականգնի Երևան-Բեռլին ուղիղ չվերթը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս պահին դեռևս սպասում են ավիաընկերությունում կատարվող հաշվարկների արդյունքներին և այդ ուղղությամբ առայժմ որևէ քայլ չեն ձեռնարկել։

Զվարթ Խաչատրյան

Հ.Գ. Երևան-Բեռլին ուղիղ չվերթի դադարեցումը հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցին, որի ընթացքում քննարկվում էին առևտրային կապերն ընդլայնելու ու զարգացնելու վերաբերյալ հարցեր։

Ավիաընկերության սնանկացման հետ կապված՝ ֆեյսբուքյան շատ օգտատերեր կեսկատակ-կեսլուրջ գրում են, որ ՀՀ վարչապետը շատ լավ է «զարգացնում» հայ-գերմանական տնտեսական կապերը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս