«Ինչո՞ւ է հենց շտապօգնության ծառայությունը դուրս մնում Առողջապահության նախարարության տեսադաշտից»․ Տարոն Սարիբեկյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Բժիշկ-արյունաբան Տարոն Սարիբեկյանը 168․am-ի հետ զրույցներում բազմիցս անդրադարձել է շտապօգնության համակարգում առկա խնդիրներին և լուծումներ է առաջարկել։ Օրերս, սակայն, նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որտեղ շարադրել է այն հիմնական պատճառները, որոնց արդյունքում հանգել է նման որոշման։

168․am-ի հետ զրույցում բժիշկն ասաց, որ, թեև բազմիցս բարձրաձայնել է համակարգում առկա խնդիրների մասին, բայց այդպես էլ ցանկալի լուծումներ չեն տրվել դրանց։ Աշխատանքից ազատման պատճառներից մեկը, ըստ նրա՝ դա էր։

«Բացի դրանից, տեղեկանալով, որ պոլիկլինիկաները ներառվում են պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում այն դեպքում, երբ շտապօգնությունն այդ տեսանկյունից շատ ավելի խոցելի խումբ է, որոշեցինք մեր բողոքի ակցիան այս կերպ արտահայտել»,- ասաց բժիշկը։

Ոլորտն առողջացնելու, համակարգի աշխատանքն արդյունավետ դարձնելու համար, ըստ Տարոն Սարիբեկյանի՝ պետք է կա՛մ կրճատել 24-ժամյա աշխատանքային գրաֆիկը, կա՛մ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկի ներսում կազմակերպել հանգստի և բնական կարիքները հոգալուն տրամադրվող ժամանակը․

Կարդացեք նաև

«Այսինքն՝ համակարգել, թե ինչպես պետք է լինի, որպեսզի բուժաշխատողները հասցնեն նաև հանգստանալ այդ ընթացքում՝ իրար փոխարինելով։ Նաև ցանկանում ենք, որպեսզի շտապօգնության կանչերը տեսակավորվեն և ընդունվեն հենց բուն շտապօգնության համար նախատեսված կանչերը, այլ ոչ թե այն կանչերը, որոնք իրականում պետք է պոլիկլինիկայի կողմից սպասարկվեն։ Շատ հաճախ հիվանդները մեզ զանգահարում են՝ ուղղակի տնից դուրս չգալու համար, որովհետև մտածում են, որ մենք կգնանք՝ ներարկում կանենք, դեղերը կտանք, և այլն, դրա համար իրենք չեն դիմում պոլիկլինիկաներ։

Իսկ նման պայմաններում աշխատելն անհնար է, որովհետև օրվա ընթացքում 30-ից ավելի կանչ սպասարկելը հյուծում է մարդկային օրգանիզմը, և բացի այդ՝ համակարգի վրա շատ մեծ ծանրաբեռնվածություն է, որովհետև նմանատիպ կանչերի պատճառով ուշանում են շատ ավելի լուրջ կանչեր։ Առաջարկում ենք զտել կանչերը կամ ավելացնել բրիգադներ, որպեսզի մենք կարողանանք սպասարկել կանչերը և չգերհոգնել»։

Հարցին՝ առողջապահության նախարարի աշխատանքն ինչպե՞ս է գնահատում, գո՞հ է կատարվող փոփոխություններից, նա այսպես պատասխանեց․

«Մենք շատ գոհ ենք նախարարից, մենք տեսնում ենք, որ աշխատող նախարարներից ամենաակնառու փոփոխությունները հենց առողջապահության նախարարի աշխատանքի արգասիքներն են, բայց ես շատ կուզենայի հասկանալ՝ ինչի՞ համար է հենց շտապօգնության ծառայությունը դուրս մնում Առողջապահության նախարարության տեսադաշտից այն դեպքում, երբ մենք շատ ավելի խոցելի խավ ենք այդ տեսանկյունից՝ ավելի հաճախ ենք ենթարկվում բռնությունների, ավելի մեծ է հավանականությունը՝ մարմնական վնասվածքներ ստանալու։ Եվ ինչո՞ւ պետք է հենց այդ խոցելի խումբն առանձնացվի ամբողջական բժշկական համակարգից, մյուսներին տրվի ապահովագրություն, աշխատավարձերի 30 տոկոս բարձրացում, իսկ մեզ՝ ոչ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս