«Շտապօգնության համակարգում բարեփոխումներ են հարկավոր, ինչը բխում է հիվանդի, բժշկի և բուժանձնակազմի շահերից». Տարոն Սարիբեկյան
Շտապօգնության վերաբերյալ հաճախ ենք լսում բողոքներ, իսկ երբեմն՝ սեփական փորձով համոզվում, որ այդ ծառայությունը մինչև տեղ է հասնում, հիվանդը կա՛մ արդեն իրեն լավ է զգում, կա՛մ հակառակը՝ հնարավոր չի լինում փրկել նրա կյանքը։ Թե որո՞նք են շտապօգնության համակարգի հիմնական խնդիրները, ինչո՞ւ բժիշկները երբեմն ժամանակին չեն հասնում հիվանդների մոտ, 168.am-ը փորձել է պարզել ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան, ՀԱԲՀ դասախոս, շտապօգնության բժիշկ Տարոն Սարիբեկյանից։
– Տարոն, շտապօգնության (ՇՕ) համակարգից բողոքները շատ են. որո՞նք են համակարգի հիմնական խնդիրները, և ինչո՞ւ շատ կանչեր ժամանակին չեն սպասարկվում։
– Այսօր առողջապահության համակարգում բազմաթիվ խնդիրներ են առկա, այդ թվում՝ ՇՕ-ում, և դրանց լուծման համար հարկավոր է հստակ միջոցառումներ ձեռնարկել։ Շտապօգնության համակարգն այսօր Հայաստանում շատ ծանրաբեռնված է, բնակչության շրջանակներում ՇՕ գործառույթների, կարևորության մասին լուսավորչական աշխատանքներ չեն տարվում, և բնակչության ստվար մի զանգված, ալարելով այցելել պոլիկլինիկա, զանգում և դիմում է ՇՕ ծառայությանն այն դեպքում, երբ կանչը ամենևին էլ ՇՕ կանչ չէ։ Այդ կանչերի թվին են պատկանում իրենց իսկ խոսքով՝ «թոք լսելու համար» կանչերը, սուբֆեբրիլ ջերմության, գրիպի դեպքում կանչերը, տարեց մարդկանց պարբերաբար կրկնվող կանչերը (վերջիններս պարզապես շփման կարիք ունեն), և այլն։
Աշխատանքային օրվա ավարտից հետո կանչերը նկատելիորեն շատանում են, և ՇՕ մեքենաների, բրիգադաների սղության պատճառով հաճախ այդ ժամերին նկատվում է կանչերի կուտակում, և երբեմն կարևորագույն կանչերի առկայության դեպքում ազատ բրիգադներ չեն լինում։ Իհարկե, մեր համակարգի աշխատողները փորձում են ամեն ինչ արագ կազմակերպել, զգուշացնում են անհետաձգելի կանչի մասին, սակայն միշտ չէ, որ հաջողվում է ժամանակին կանչի վայրում հայտնվել։
Ստացվում է այնպես, որ սրտամկանի ինֆարկտ, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում (ինսուլտ) ունեցող մարդիկ, ովքեր իրականում անհապաղ ունեն մեր օգնության կարիքը, վերոհիշյալ պատճառներով զրկվում են այդ հնարավորությունից այն դեպքում, երբ նմանատիպ վիճակներում վայրկյանն անգամ որոշիչ կարող է լինել հիվանդության ելքի համար։ Ահա սրանք են ՇՕ ուշացման հիմնական պատճառները. բնակչության կողմից ՇՕ ծառայության չարաշահումը, պոլիկլինիկաների թերի աշխատանքը, մեքենաների անբավար քանակը որոշ մեծ տարածքների համար։
– Ձեր մատնանշած խնդիրների լուծումն ինչպե՞ս եք տեսնում, ի՞նչ քայլեր պետք է արվեն։
– Բազմիցս նշել ենք մեր «մշտական» հիվանդների, ջերմության համար ՇՕ ծառայությանը դիմող մարդկանց կանչերի պատճառով համակարգի թերի գործունեության մասին, սակայն խնդիրը շարունակում է մնալ ակտուալ, չլուծված։ Բարձր ջերմություն ունեցող հիվանդները պետք է բժշկական խորհրդատվություն ստանան բժիշկ-հեռախոսավարների կողմից և անհրաժեշտության դեպքում դիմեն համապատասխան մասնագետի։ Նման կանչերի դեպքում մենք միայն գնահատում ենք հիվանդի վիճակը և ջերմիջեցնող դեղորայք ենք ներարկում, հատուկ գործողություն չենք իրականացնում։ Ստացվում է՝ նրանք պետք է դիմեն պոլիկլինիկա, անհրաժեշտության դեպքում կատարվեն գործիքային հետազոտություններ, որոնց հնարավորությունը շտապօգնությունը չունի։ Պետք է անհապաղ լուսավորչական աշխատանքներ տարվեն բնակչության շրջանում, նրանց պետք է բացատրել, որ թոքերի աուսկուլտացիայի համար պետք է դիմել պոլիկլինիկա, և ոչ ՇՕ՝ ծանրաբեռնելով համակարգը։
Ասածներս հիմնավորելու համար փորձեմ ներկայացնել փաստարկներ. համակարգի ծանրաբեռնվածության մասին է վկայում այն խոսուն փաստը, որ Գյումրիում երկու բժիշկ է մահացել՝ հիվանդի մոտ ուշ ժամանելու հետևանքով։ Բժիշկները ժամանել են ուշ, հիվանդն արդեն մահացած է եղել, և հիվանդի հարազատները պարզապես հարձակվել, ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով արդեն երկու մահացած բժիշկ ունենք Գյումրիում։ Այս դեպքերը պետք է ԱՆ համար ահազանգ հանդիսանան, որ համակարգում կտրուկ բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնցից կբխի բժշկի, բուժանձնակազմի անվտանգությունը և հիվանդի՝ առանց ժամանակի կորստի բուժսպասարկումը։
Մեր համակարգում պետք է լուրջ օրենքներ մշակվեն, որոնք կպաշտպանեն բժշկի շահերը։ Հանրությունը քիչ է տեղեկացված, պետք է շատ մեծ աշխատանք տանենք, կրթենք մեր հասարակությանը, որպեսզի իրենք հստակ գիտակցեն այս օղակի կարևորությունը և ծառայությանը դիմեն հույժ կարևոր դեպքերում։ Այդ համապատասխան դեպքերը պետք է վերամշակվեն, և հասարակությունը պետք է դրանց մասին հստակ տեղեկատվություն ստանա։
Շտապօգնությունն ավելի լուրջ կանչերի համար է նախատեսված։ Անունն արդեն իսկ ասում է, որ այն շտապ օգնություն է, ոչ թե՝ ընտանեկան բժշկի դերակատարում, սովորական, ստանդարտ այց՝ հիվանդների տանը։ Պետք է մարդիկ փոխեն իրենց, կողքի դնեն եսասիրությունը։ Որոշ մարդիկ դիմում են մեր օգնությանը, քանի որ մեր օնությունն անվճար է, ասում են՝ թող գան տուն, մի հատ նայեն, էլի։ Ու դրանով վատնվում են մեր պետության միջոցները, արդյունքում՝ տուժում են իսկապես օգնության կարիք ունեցողները։ Այս հոգեբանությունը փոխել է պետք։
Միաժամանակ, շատ կարևոր եմ համարում բժիշկների՝ վերապատրաստումներին, թրեյնինգներին պարբերաբար մասնակցությունը։ Այսօր ունենք բժիշկներ, ովքեր 20-30 տարի առաջ ավարտելուց հետո վերապատրաստումներ չեն անցել, թարմ նորություններին, մոտեցումներին ու ուղեցույցներին ծանոթ չեն, իսկ մենք գիտենք, թե ինչ ահռելի տեմպերով է զարգանում բժշկությունն ամբողջ աշխարհում։
– Դուք այս պահին Գերմանիայում եք գտնվում. կասե՞ք՝ եվրոպական երկրներում շտապօգնությունն ինչպես է աշխատում։
– Արտասահմանում համակարգն ամբողջովին այլ կերպ է գործում։ Գիտնականները պնդում են, որ 8 ժամ աշխատելուց հետո մարդու աշխատունակությունը, կենտրոնանալու ունակությունը նվազում է, ցրվածությունն ու սխալների հավանականությունը՝ աճում։ Բոլոր երկրներում շտապօգնության բժիշկը 17 կանչից ավելի չի կարող սպասարկել, որովհետև ուղեղը պարզապես անընդունակ է դառնում արագ ընկալմանը, արդյունավետությունն ընկնում է, բժշկական սխալի հավանականությունը՝ մեծանում։
Ամռանը, երբ ըստ վիճակագրության՝ կանչերի թիվը պակասում է, և մենք այս շրջանը «թեթև» շրջան ենք համարում, օրվա կտրվածքով սպասարկում ենք 25 կանչ (յուրաքանչյուր բրիգադը)։ Ձմռանը կանչերի թվի կտրուկ աճ է նկատվում. եղել են հերթապահություններ, որոնց ժամանակ սպասարկել ենք 40 կանչ։ Դա ուղղակի խիստ իջեցնում է բժշկի արդյունավետությունը և մեծացնում բժշկական սխալի հավանականությունը։